Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործարարը պետությանը 34 միլիարդ դրամի վնաս է պատճառել, գործով քրեական վարույթ է հարուցվել․ Սասուն Խաչատրյան

Գործարարը պետությանը 34 միլիարդ դրամի վնաս է պատճառել, գործով քրեական վարույթ է հարուցվել․ Սասուն Խաչատրյան
Հայաստան
18:07, 02 июнь 2023
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտնեց, որ քրեական վարույթներից մեկով հիմնավորվել է, որ պետությանը պատճառվել է 34 միլիարդ դրամի վնաս, ինչի վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սասուն Խաչատրյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք շարունակվում են գումարներ վերադարձվել պետությանը պատճառված վնասի դիմաց։ 

«Վերադարձվում են գումարներ. ոչ բոլոր դեպքերում է հաղորդագրություն լինում, որովհետև մեկ-մեկ, գործի շահերից ելնելով, կարող ենք հաղորդագրություն չտարածել, մեկ-մեկ գործի բնույթն այդպիսին է, որ պետք չէ կամ մեծ կարևորություն չենք տալիս:

Օրինակ՝ այս պահին ունենք մեկ քրեական վարույթ, որով վերականգնվել է 250 մլն դրամ, ունենք ևս մեկ քրեական վարույթ հետաքրքիր զուգադիպությամբ, որ մոտ 250 մլն դրամի հիմնավորվել է վնասը, որը նույնպես, կարծում եմ՝ կվերականգնվի։

Կա մեկ քրեական վարույթ, որով հիմնավորվել է 34 մլրդ դրամի վնասը, ինչի վերականգնման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. այդ գումարի չափով գույքի վրա կալանք է դրված: Նախկին պաշտոնատար անձ չէ, ներկա էլ չէ, բիզնեսմեն է»,- ասաց Սասուն Խաչատրյանը: