Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրային պարեկային ծառայության մասին նախագիծը ներառվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգ

Ջրային պարեկային ծառայության մասին նախագիծը ներառվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգ
Հայաստան
15:21, 07 июнь 2023
ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթին։ Նախագծի հիմնական զեկուցող ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախագծերի փաթեթը, ասաց.

«Փաթեթով առաջարկվում է օրենսդրական նախադրյալներ ստեղծել պարեկային ծառայության կազմում ջրային պարեկային ծառայության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման համար, և ըստ այդմ, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ լինի կառույցը և իրավաչափ միջամտություն նաև ցուցաբերի իր ֆունկցիաների իրականացման շրջանակներում, օրենքով առաջարկվում է հստակ նախատեսել լիազորությունները և մեկ տեխնիկական փոփոխություն»,- ասաց նախարարի տեղակալը։

Նախագծերի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ջրային տարածքներում լողամիջոցների շահագործման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը և համապատասխան մշակույթի ձևավորմանը: Նախագծերի փաթեթը կներառվի լիագումար նիստի օրակարգ։