Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրանաշենին հարող միջպետական ճանապարհը ավելի բարեկարգ է, քան մյուս հատվածներինը, այդ պատճառով դեռ չի նորոգվել․ ՏԿԵ «Ճանապարհային դեպարտամենտ»

Տիգրանաշենին հարող միջպետական ճանապարհը ավելի բարեկարգ է, քան մյուս հատվածներինը, այդ պատճառով դեռ չի նորոգվել․ ՏԿԵ «Ճանապարհային դեպարտամենտ»
Հայաստան
15:11, 14 июнь 2021
Չնայած պաշտոնական բազմաթիվ հերքումներին՝ վերջին շրջանում նախկին իշխանության աջակիցները սոցցանցերով գրառումներ են տարածում, թե Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքի փողոցները 3 տարում չեն վերանորոգվել, որպեսզի այն հանձնեն Ադրբեջանին։  

Լրագրող Նաիրի Հոխիկյանն օրերս Արարատի մարզից տեսանյութ էր պատրաստել՝ հանրությանը իր ֆեյսբուքյան էջում ցույց տալու ՀՀ պատմական Տիգրանաշենին հարող տարածքով անցնող Մ-2 միջպետական ճանապարհը, որը Խորհրդային տարիներին համարվել է ադրբեջանական անկլավ։ 

Այդ միջպետական ճանապարհը Հայաստանը կապում է Արցախի և Իրանի հետ։

Հոխիկյանը նշել է, թե 2019թ հիմնանորոգվել է այդ ճանապարհի մինչև Երասխ հատվածը, սակայն այդ աշխատանքների մեջ ներառված չի եղել հենց Տիգրանաշենի հատվածը․ «Հայաստանի իշխանությունները ասֆալտապատման աշխատանքներն ավարտել են հենց այն հատվածում, որն ըստ Google GPS-ի երևում է որպես Ադրբեջանի տարածք, հիմնանորոգման փոխարեն ասֆալտի կարկատաններ են արված»,- հայտարարել է Հոխիկյանն ու հավելել, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվել են հենց այն հատվածից, որտեղ ավարտվում է Տիգրանաշենը։ Նաիրի Հոխիկյանը, առանց պաշտոնական հարցման, եզրակացրել է թե սա ոչ թե պատահականություն է, այլ իշխանության կողմից նախապես պայմանավորվածություն՝ Տիգրանաշենը Ադրբեջանին տալու հարցում։ 

Civic.am-ը հարցում էր ուղարկել Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ՝ ճշտելու, 2018թ․-ից մինչ օրս՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ճանապարհի՝ Տիգրանաշենին հարող տարածքը վերանորոգվե՞լ է, թե՞ ոչ, և եթե ոչ՝ ապա, ո՞ր խնդիրների պատճառով։

«Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ճանապարհի՝ Տիգրանաշենին հարող տարածքով անցնող ավտոճանապարհը նշված ժամանակաշրջանում չի վերանորոգվել, քանի որ Մ-2 միջպետական ճանապարհի մյուս հատվածների համեմատությամբ այդ հատվածն ավելի բարեկարգ է։ Մ-2-ում կային և կան շատ ավելի վատ վիճակում գտնվող հատվածներ, որոնք էլ նորոգվել են»,- պատասխանել են Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ից ։

Տիգրանանշենը ընգրկված է Արարատի մարզի Պարույր Սևակ խոշորացված համայնքի կազմում։ 

Պարույր Սևակ խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Ստեփանյանը մեր դիտարկմանը, թե խոսակցություններ են շրջանառվում, թե Տիգրանաշենի ճանապարհը չի վերանորոգվել, քանի որ այն հանձնելու միտում ունի իշխանությունը, արձագանքեց․ «Տիգրանաշենը հանձելու վերաբերյալ պաշտոնական մակարդակով խոսակցություն չի եղել բացարձակապես, դրանք սոցիալական ցանցերում պտտվող խոսակցություններ են։ Տիգրանաշենը ներկայումս 182 բնակիչ ունի, բնակիչների մեջ խուճապ էլ չկա, համայնքում էլ նման խոսակցություն չկա ժողովրդի մեջ ։ Նման թեմա ընդհանրապես չի շահարկվել, եթե նման խոսակցություն լիներ, ես ինքս էլ անհանգստություն կունենայի»։