Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է լիցենզավորել հրագործական նյութերի ամբողջ գործընթացը` ներկրումից մինչեւ շահագործում

Առաջարկվում է լիցենզավորել հրագործական նյութերի ամբողջ գործընթացը` ներկրումից մինչեւ շահագործում
Հայաստան
12:54, 21 июнь 2023
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 21-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե եւ կից նախագծերի փաթեթին:

Առաջարկվում է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը, ինչպես նաեւ հրագործական արտադրատեսակների ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, արտադրությունը, պահեստավորումը, առեւտուրը եւ կիրառումը, դարձնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Հեղինակի հավաստմամբ` ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը եւ առեւտուրն իրականացվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով, սակայն հաշվի առնելով, որ այդ գործառույթներն իրենց մեջ պարունակում են անվտանգության, առողջապահական եւ այլ բաղադրիչներ, անհրաժեշտություն է առաջացել գործընթացը` ներկրումից մինչեւ շահագործում, բերել լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու համար:

Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարության գործընկերների հետ համատեղ կատարվել են մի շարք փոփոխություններ: Արդյունքում ներկայացվել է օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը: Ըստ նրա` խստացվել է վերահսկողության վերաբերյալ դրույթը` անչափահաս քաղաքացիներին արգելվելու է հրագործական արտադրատեսակների վաճառքը: Հրավառություն կթույլատրվի պետության եւ համայնքային մասնակցությամբ միջոցառումների ժամանակ:

Պատասխանելով հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի` միջազգային փորձը հաշվի առնելու վերաբերյալ հարցին` հիմնական զեկուցողը փաստել է, որ եվրոպական երկրներից շատերն առավել խիստ սահմանափակումներ են կիրառում:

Հովիկ Աղազարյանը մտահոգություն է հայտնել, թե խստացումները հնարավոր է բերեն ինքնաշեն պայթուցիչների պատրաստման:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով երեխաների մեծ մասը տարված է համակարգչային խաղերով:

Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը` կարեւորելով համատեղ գործակցությունը:

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: