Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիների կողմից այս պահի դրությամբ տեղաշարժ չկա․ Գեղամասարի համայնքապետի օգնական

Ադրբեջանցիների կողմից այս պահի դրությամբ տեղաշարժ չկա․ Գեղամասարի համայնքապետի օգնական
Հայաստան
18:28, 17 июнь 2021
Երեկ ՄԻՊ-ը հրապարկեց տեղեկատվություն, ըստ որի առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում ադրբեջանական 9 զինծառայող գողացել են Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը: Տեղեկատվության մեջ նաև նշված է, որ ադրբեջանցիները կրակոցներ են արձակել հովիվների վրա, որոնք փորձել են հետ բերել անասուններին, այնուհետև գողացված անասուններին մորթել են։ 

Գեղարքունիքի մարզի, Գեղամասար համայնքի ղեկավարի օգնական Դավիթ Շահնազարյանը Civic.am-ի հետ զրույցում՝ թեպետ նշեց, որ այս դեպքի մանրամասներին չի տիրապետում, բայց մոտ երկու շաբաթ առաջ Կութից գողացված 80 կովերը դեռ չեն վերադարձրել ադրբեջանցիները․ «Մոտ երկու շաբաթ առաջ Կութից 80 անասուններ էին գողացել ադրբեջանցիները, հենց այն հատվածից որտեղից գերեվարել էին հայ 6 զինծառայողներին։ Հիմնականում խոշոր եղջերավոր անասուններ էին։ Այդ 80 անասունները հինգ ընտանիքի էին պատկանում, հիմնականում իրենց վարկային միջոցներով էին ձեռք բերել։ Ամենախոշոր կորուստը ընտանիքներից մեկն ունեցավ՝ 34 անասուն կորցրեց։ Այդ ընտանիքները անասունների կաթը վաճառում էին ու այդ գումարով իրենց վարկերը թեթևացնում էին, հիմա եկամտի քանակը նվազել է»,- ասաց նա։

Դավիթ Շահնազարյանի խոսքով քանի այդ անասունների ճակատագիրը անհայտ է, չգիտեն կվերադարձնեն, թե ոչ՝ դժվար է քննարկել այդ ընտանքիներին փոխհատուցելու հարցը․ «Եթե փոխհատուցման հարց լինի, դա պետք է լինի պետական մակարդակով, այլ ոչ թե համայնքային։ Ես առաջարկել եմ վարկային պայմանագրերում ներառված ֆորս-մաժորային իրավիճակների կետը կիրառվի»։ 

Գեղամասար համայնքի ղեկավարի օգնականը պատմեց նաև, որ 80 անասուններին գողանալու ժամանակ՝ ադրբեջանցիները կրակել էին հովիվի վրա, ձին վիրավորվել էր, հովիվը գլորվել էր, այնուհետև մեր զինվորականները միջամտել էին ու հովվի կյանքը փրկել։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ անասունները գողանալու դեպքերը տեղի են ունենում սահմանի այն հատվածներում, որտեղ ադրբեջանցիներն առաջացել են․ «Ադրբեջանցիների կողմից այս պահի դրությամբ տեղաշարժի փոփոխություն չկա, ինժեներական աշխատանքներ են կատարվում, նախկինում տեխնիկա էին կիրառում, հիմա առանց տեխնիկական միջոցների»։ 

Նարա Մարտիրոսյան