Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ընդդիմության հիմնական նպատակը ոչ թե ապստամբությունն է, այլ արտահերթ ընտրությունների հասնելը»․ Արմեն Բաղդասարյան

«Ընդդիմության հիմնական նպատակը ոչ թե ապստամբությունն է, այլ արտահերթ ընտրությունների հասնելը»․ Արմեն Բաղդասարյան
Հայաստան
14:24, 22 февраль 2021
«Հայրենիքի փրկության շարժման» կամ  16+ ձեւաչափով հայտնի միավորման շաբաթ օրվա հանրահավաքը, քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝  նպատակ ուներ՝ ցույլ տալ, որ իշխանափոխության պահանջը, այնուամենայնիվ, հանրային լայն աջակցություն ունի եւ 16-ի  ձեւաչափը դեռեւս գոյություն ունի, մարած չէ։

«Այդ առումով հանրահավաքը հաջողվեց, երեւի չհաջողվեց այն առումով, որ, այնուամենայնիվ, կոնկրետ գործունեության ծրագիր չներկայացվեց»,- ասաց քաղաքագետը։

Civic.am-ի հարցին՝ ըստ իրեն, ի՞նչ քայլերի կդիմի ընդդիմությունը, որի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքի ընթացքում կայծակնային ապստամբության կոչ արեց, քաղաքագետը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, թե ընդդիմության նպատակը ապստամբությունն է։ Պարզապես այդպիսի կարգախոսները ավելի ագրեսիվ են եւ մարդկանց մոբիլիզացնելու հատկություն ունեն։ Կարծում եմ, որ ընդդիմության հիմնական նպատակը արտահերթ ընտրությունների հասնելն է, եւ այդ ուղղությամբ հանրահավաքը կարելի է մեկ քայլ առաջ համարել, որովհետեւ, այնուամենայնիվ, երեւաց, որ իշխանափոխության, արտահերթ ընտրությունների պահանջ կա»։ 

Մեր հարցին, թե ի՞նչն է փոխվել, որ ընդդիմությունը արտահերթ ընտրությունների գնալու ցանկություն ունի, քաղաքագետը պատասխանեց․ «Կարծում եմ՝ փոխվել է այն, որ հանրային ակտիվությունը, բողոքի ալիքը,  այնուամենայիվ, ապստամբության կամ քաղաքացիական բախումների վերածելու ցանկություն որեւէ մեկը չունի, եւ հույս ունեմ, իշխանություններն էլ կհասկանան, որ արտահերթ ընտրությունները անխուսափելի են, կվերանայեն իրենց դիրքորոշումը եւ կգնան արտահերթ ընտրությունների»։

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ եթե հաշվի առնենք նաեւ երկրի ընդհանուր վիճակը, սոցիալական խնդիրները, որ գնալով ավելի սրվելու են, եւ եթե հաշվի առնենք, որ գարնանը սովորաբար քաղաքական գործընթացները ակտիվանում են, ընդդիմությունը հետագայում ավելի ակտիվ կգործի։ «Չեմ բացառում  նաեւ, որ հիմնական ընդդիմադիրները՝ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀԿ-ն ավելի կակտիվանան»,- նշեց նա։

Գեղամ Ադյան