Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երբ պահը գա, Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ կգնա հրապարակ և ելույթ կունենա»․ Գառնիկ Իսագուլյան

«Երբ պահը գա, Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ կգնա հրապարակ և ելույթ կունենա»․ Գառնիկ Իսագուլյան
Հայաստան
15:16, 22 февраль 2021
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն օրերս հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով իր համախոհներին մասնակցել 17 կուսակցությունների նախաձեռնած փետրվարի 20-ի հանրահավաքին։  Ինքը՝ Քոչարյանը, սակայն, չէր գնացել հանրահավաքին։ 

Civic.am-ը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունների շարժմանը միացած «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ՀՀ երկրորդ նախագահը հանրահավաքին չմասնակցեց և հանդես չեկավ ելույթով հենց ամբիոնից՝ հաշվի առնելով այն փաստը, որ իր համախոհներից շատերը հետևելու էին կոչին և այնտեղ էին լինելու։ 

Ի պատասխան մեր այս հարցին՝ մեր զրուցակիցը նշեց, որ երբ անհրաժեշտության պահը գա՝ Ռոբերտ Քոչարյանը ելույթ կունենա, ինչպես նաև ելույթ կունենան Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը, Արցախի երկրորդ և երրորդ նախագահները․ «Ռոբերտ Քոչարյանն իր կողմնակիցներին կոչ է արել մասնակցել ընդդիմության հանրահավաքին, բայց դա չի նշանակում, որ ինքը պետք է պարտադիր ֆիզիկապես մասնակցեր և ելույթ ունենար։ Ինքը հարցազրույցներ է տալիս, և այս ձևը այս պահին ամենաճիշտն է կարծում եմ»։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է ինչ-որ մի պահի փոփոխություն լինի և Վազգեն Մանուկյանի փոխարեն Ռոբերտ Քոչարյանը դառնա «Հայրենիքի փրկության» շարժման առաջնորդ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցը պատասխանեց․ «Եթե Քոչարյանը կոչ է անում իր կողմնակիցներին միանալ ու աջակցել 17 կուսակցությունների ֆորմատին, որի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, նշանակում է որ ինքը ևս կողմնակից է, որ Վազգեն Մանուկյանը լինի որպես անցումային կառավարության ղեկավար»։ 

Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներում նշել է, որ վերադառնալու է քաղաքականություն, մասնակցելու է արտահերթ ընտրություններին, մինչդեռ շարժումը հայտարարել էր, որ չի մասնակցելու Փաշինյանի կազմակերպած որևէ ընտրության, և որ դա դավաճանություն կլինի։ «Որևէ նախագահ՝ դա կլինի Լևոն Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, երբեք քաղաքականությունից հեռացած չեն եղել։ Բանտում նստած էլ իրենք քաղաքականության մեջ են։ Ուղղակի այս անգամ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը գնա այս աներևակայելի տարբերակին՝ վարչապետի գլխավորությամբ նոր ընտրություններին, ապա այս պարագայում նույնիսկ ինքը կմասնակցի արտահերթ ընտրություններին և կհաղթի»,- պարզաբանեց Իսագուլյանը՝ հավելելով․ «Իսկ 17 կուսակցությունների միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ այդ պարագայում ինքը չի մասնակցի ընտրություններին։ Իսկ եթե Վազգեն Մանուկյանը նույնիսկ դառնա Հայաստանի կառավարության ժամանակավոր ղեկավար ու մեկ տարի հետո նախապատրաստի նոր ընտրություններ, այդ պարագայում Քոչարյանը կարող է առանձին գնալ ընտրությունների, որովհետև Վազգեն Մանուկյանը դրանից հետո քաղաքականությունից դուրս է գալու և դրա մասին էլ է հայտարարվել։ Իսկ մինչ այդ ՀՀ երկրորդ նախագահը կսատարի Վազգեն Մանուկյանին։  Կարող է «Հանրապետականն» առանձին ցուցակով մասնակցի, «ՀՅԴ»-ն, «Հայրենիք» կուսակցությունը, «Ազգային անվտանգություն դաշինքը» և այլն»։ 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո, որտեղ նա հայտարարեց, որ կմասնակցի արտահերթ ընտրություններին՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցը եղավ, և նա նշեց, որ կմնա քաղաքականության մեջ թեպետ բարձր պաշտոնների չի հավակնում։ Իսագուլյանից հետաքրքրվեցինք, թե սա ակնա՞րկ էր ՀՀ երրորդ նախագահի կողմից՝ Ռոբերտ Քոչարյանին, որ իշխանափոխության դեպքում երկրի կառավարումը համատեղ է իրականացվելու։ 

«Սերժ Սարգսյանը շատ հստակ հայտարարեց, որ ինքը բարձր ղեկավար պաշտոնների չի հավակնելու, ասաց, որ չի հավակնում ոչ վարչապետի, ոչ նախագահի պաշտոնին։ Բայց միևնույն ժամանակ նա ասել է, որ պատրաստ է իր իմացությամբ օժանդակել՝ աշխատել որպես խորհրդական և նշել է, որ դա իր համար նվաստացուցիչ չէ։ Քոչարյանն ասել է, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին և հաղթելու է, և իրենց ասածների մեջ փորձել  իշխանությունը կիսելու տրամաբանություն փնտրելն անիմաստ է։ Իրենց հարցազրույցները մեկը մյուսին լրացնող են»,-հայտարարեց Իսագուլյանը՝ շարունակելով․ «Ես վստահ եմ, որ եթե Քոչարյանը ընտրություններում հաղթի, ապա թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Բակո Սահակյանը, թե՛ Վիտալի Բալասանյանը, թե՛ Արկադի Ղուկասյանը, թե՛ Գառնիկ Իսագուլյանը, թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ Լևոն Մնացականյանը, բոլորն իրենց իմացությունը ներդնելու են իշխանության մեջ»։  

Նարա Մարտիրոսյան