Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն ուզում է իր ռազմական ռեսուրսը հավասարաչափ բաշխել Հայաստանի տարածքում՝ մի մասը տեղափոխելով արևելք

Ռուսաստանն ուզում է իր ռազմական ռեսուրսը հավասարաչափ բաշխել Հայաստանի տարածքում՝ մի մասը տեղափոխելով արևելք
Հայաստան
17:20, 22 февраль 2021
ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը այսօր պատասխանելով «Ռիա Նովոստիի» հարցերին անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում՝ Գյումրու ռուսական ռազմաբազայի ընդլայնմանը և մատնանշել, որ ռազմաբազայի ուժեղացման հարցը միշտ էլ եղել է օրակարգում, և հայկական կողմը միշտ էլ դրանում շահագրգռված է եղել թեկուզ այն պարզ պատճառով, որ ռազմակայանն ամբողջ կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ միացյալ զորամիավորման մեջ։

Սակայն ՊՆ նախարարը նշել է նաև, որ Հայաստանի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայման անհրաժեշտություն այնքան էլ չկա, ինչպես նաև ընդգծել, որ  այս պահին ՌԴ-ի և Հայաստանի միջև գոյություն ունեցող նորմատիվ իրավական հիմքը որոշում է միայն մեկ ռուսական ռազմակայանի կարգավիճակը և կանոնակարգում է միայն դրա գործունեությունը․ «Ավելի ճիշտ է, թերևս, խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությամբ, և այդ համատեքստում հարցի համապատասխան համատեղ մշակում ընթանում է»,-ասել է նա։

Civic.am-ը Հայաստանի արևելյան ուղղությամբ Գյումրու ռուսական ռազմաբազայի վերաբաշխման անհրաժեշտության մասին զրուցել է քաղաքագետ Վահրամ Հովյանի և  «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանի հետ։  
Վահրամ Հովյանի տեսանկյունից՝ Գյումրու ռուսական ռազմաբազայի ընդլայնումը տեղի կունենա Սյունիքի մարզի ուղղությամբ։ Քաղաքագետի խոսքով՝ այս մասին խոսակցություններն ավելի վաղ էին տեղի ունենում, սակայն փորձագիտական շրջանակներում։ Իսկ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ավելի ակտուալ է դարձել և պատահական չէ, որ արդեն պաշտոնական շրջանակներն են խոսում այդ մասին։ 

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ այսօր թշնամին իր համար բարենպաստ դիրքեր է ձեռք բերել Սյունիքի բնակավայրերի մոտ՝ այդ թվում Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի մոտ, և մարզի պաշտպանության խնդիրը դարձել է հարատապ։ Իսկ նախկինում մինչև Սյունիքը կար Արցախ, ազատագրված տարածքներ, այսինքն մոտ 100-150 կմ շերտ, որը պաշտպանում էր մարզը։ 

«Մինչ Արցախյան այս պատերազմը տեղի էր ունենում Նախիջևանի ակտիվ ռազմականացում՝ թուրքական ռազմաբազաներ էին տեղակայվում, զորավարժություններ էին լինում և Նախիջևանը դարձել է ռազմականացված տարածք։ Մինչև 44-օրյա պատերազմը Սյունիքի մարզը միայն արևմուտքից էր գտնվում թշնամական հարձակման վտանգի ներքո, իսկ պատերազմից հետո, ազատագրված տարածքների հանձնումից հետո Սյունիքն արդեն նաև արևելքից է հայտնվել թշնամու թիրախում»,-ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ այժմ արևմուտքից և արևելքից օղակված է Սյունիքը, և չունի ռազմավարական խորության հավակնող տարածք․ «Եթե նույնիսկ հարձակում էլ տեղի չունենա, ապա հրետանային կրակով կարելի է այնպես անել, որ այնտեղից բնակչությունը դուրս գա՝ հայաթափվի, որից հետո գրավումը մեծ խնդիր չի լինի։ Այսինքն առանց ցամաքային հարձակման կարելի է Սյունիքը գրավել։ Հետևաբար այսօր Սյունիքի պաշպանունակության մեծացումը հրատապ խնդիր է»։ 

Վահրամ Հովյանի տեսանկյունից ռուսական ռազմաբազայի վերաբաշխումը չի ստորադասի հայկական բանակի կարողությունը, այլ կբարձրացնի Հայաստանի կշիռը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և միասին են ապահովում Հայաստանի անվտանգությունը։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանի տեսանկյունից էլ ռուսական ռազմաբազայի վերաբաշխման հարցում Հայաստանի համաձայնությունը ձևական է, քանի որ նման հարցերն ամբողջությամբ որոշվում են Կրեմլում․ «Ռուսաստանն ուզում է այստեղ առկա իր ռեսուրսը հավասարաչափ բաշխել Հայաստանի տարածքում մի մասը տեղափոխելով արևելք։ Հավանականությունը շատ մեծ է, որ արևելք ասելով Սյունիքը նկատի ունեն, բայց չբացառենք նաև Տավուշը։ Եթե Ռուսաստանի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ հայկական բանակի օպտիմալացում է կատարվում, և նրանք պետք է որոշեն թե մենք ինչ կառուցվածք, ինչ զենք, ինչ տիպի սպառազինություն ունենանք, ինչպիսի պատերազմ վարենք, ապա այսպես շարունակվելու դեպքում մենք բանակ չենք ունենա, անվանապես կկոչվի հայկական բանակ, բայց այն մեզ չի պատկանի»,-մեկնաբանեց Վարուժան Ավետիսյանն ու հիշատակեց, որ նախկինում ՀՕՊ-ը և Նախիջևանի ուղղությամբ տեղակայված կորպուսն էին Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ հիմա ենթադրվում է, որ հայկական գրեթե ամբողջ բանակը կմտնի ուղիղ ռուսական բանակի կառավարման տակ և հրահանգներ կստանա այնտեղից։ 

«Եթե Ռուսաստանն այնտեղ իր զորքը տեղակայում է նշանակում է պատասխանատվությունն ու իրավունքը որոշակի չափով նաև ինքն է ստանձնում, և եթե հայկական կողմը որևէ քայլ կատարի՝ ապա ռուսական կողմից հետ պետք է համաձայնեցնի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։ 

Նարա Մարտիրոսյան