Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղամասեր են եղել, որտեղ մեր ձայները 10 անգամ ավելացել են, սակայն 1 մանդատի համար մոտ 10 հազար ձայնի տարբերություն պետք է լինի․ Վահագն Հովակիմյան

Տեղամասեր են եղել, որտեղ մեր ձայները 10 անգամ ավելացել են, սակայն 1 մանդատի համար մոտ 10 հազար ձայնի տարբերություն պետք է լինի․ Վահագն Հովակիմյան
Հայաստան
17:10, 23 июнь 2021
«Վերահաշվարկի արդյունքում ձայների տարբերությունը չի կարող արդեն իսկ արձանագրված արդյունքներում լուրջ փոփոխության հանգեցնել։ Մեկ մանդատի համար մոտավորապես 10 հազար ձայնի տարբերություն պետք է լինի»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ կեղծ են այն տեղեկությունները, թե վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի ձայները 120 հազարով նվազել են։

Նշենք, որ այսօր իրականացվում է հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի արդյունքում տարբեր տեղամասերում ձայների տարբերություններ են արձանագրվում։ Մասնավորապես մի քանի տեղամասերում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են։ Օրինակ, ըստ ընդդիմադիրների, Կապանի 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը վերահաշվարկի արդյունքում ստացել է 258 քվե, սակայն ընտրության օրը մուտքագրված է եղել՝ 0։ Այս ամենը «Հայաստան» դաշինքի կողմնակիցներին հիմքեր է տալիս ենթադրություններ անել, թե ընտրությունների արդյունքների վերջնական պատկերը կարող է փոխվել և հանգեցնել լրացուցիչ մանդատների։ 

«Այս պահի դրությամբ արդեն 10-ից ավել տեղամասում վերահաշվարկ է կատարվել։ Տեղամասեր են եղել, որտեղ մեր ձայները 10 անգամ ավելացել են։ Ավելացել են նաև «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների ձայները, այլ կուսակցությունների ձայներ։ Դեպք է եղել, որ մեր ձայները սխալ մուտքի արդյունքում 1045-ով պակաս են մուտք արվել։ Վերահաշվարկի իմաստը հենց դա է, որ ամեն ինչ ճշգրտվի։ Բայց մենք մտահոգություն չունենք, որ վերահաշվարկի արդյունքում ձայների լուրջ տատանումներ կլինեն։ Խոսքը մի քանի տասնյակ ձայնի մասին է, իսկ մանդատների հաշվի վրա ազդող փոփոխություն բացառված է։ Մոտ 10 հազար քվեի փոփոխություն պետք է լինի, որը պրակտիկորեն անհնար է»,-ասաց Հովակիմյանը՝ հավելելով, որ քվեարկության, արդյունքների ամփոփման պրոցեսը տեղի է ունեցել տեսախցիկների առաջ ու որևէ քաղաքական ուժ, եթե կասկածներ ունի, կարող է հետ տալ ձայնագրությունները և նայել քվեարկության սկզբից մինչև հանձնաժողովի տարածքը լքելու ժամանակահատվածում կատարված ամբողջ պրոցեսը։ 

Հովակիմյանը նշեց, որ վերահաշվարկի դիմումների փոքր մասն է ներկայացվել քաղաքական ուժերի կամ նրանց վստահված անձանց կողմից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերահաշվարկ իրականացնելու որևէ դիմում չի ներկայացրել։ Դիմումների մեծ մասն իրականացվում է Տարածքային ընտրական հանձնաժողովների նախաձեռնությամբ, որը պայմանավորված է  նրանով, որ արձանագրությունները կազմելիս, օրինակ, լինում են ջնջում, անճշտություն։ Բոլոր նման դեպքերում հանձնաժողովը պարտավոր է իր նախաձեռնությամբ վերահաշվարկ իրականացնել և ճշգրիտ պատկերն արձանագրել։ 

Իսկ թե ինչու իշխանությունն ինքը վերահաշվարկի դիմումներ չի ներկարացրել, Հովակիմյանը նշեց, որ իրենք ուսումնասիրել են ու բոլոր կասկածելի դեպքերի, տեղամասերի արդյունքների քաղվածքը, համեմատել են հանձնաժողովների արձանագրությունների հետ և գտել, որ վերահաշվարկի անհրաժեշտություն չկա. «Եթե մենք տեսնեինք, որ մեր քաղվածքը և հանձնաժողովների արձանագրությունները չէին համապատասխանում, ապա վերահաշվարկ կպահանջեինք, բայց նման դեպքեր չեն եղել»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Ինչ վերաբերում է Ազգային ժողով անցած քաղաքական ուժերի մանդատների վերջնական թվին, ապա, ըստ Հովակիմյանի, քանի դեռ ԿԸՀ-ն վերջնականապես չի ամփոփել ընտրությունների արդյունքները, մանդատների վերջնական թիվ չի նշում, բայց այս պահին ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիրը 2/3-ից ավել ձայն է  հավաքել և 71 մանդատ կստանա։

Նշենք, որ հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ  տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 22-ը` ժամը 11.00-ն: Սահմանված ժամկետում վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել թվով 27 տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ, որոնցից միայն 3 տեղամասերի վերաբերյալ դիմումներն են ներկայացվել իրավասու սուբյեկտների կողմից։ Այնուամենայնիվ, տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից վերահաշվարկ կիրականացվի նաև մնացյալ 24 տեղամասում։

Հունիսի 23-ին՝ ժամը 10։00-ից սկսած, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5,  թիվ 7, թիվ 9, թիվ 10, թիվ 11, թիվ 13, թիվ 14, թիվ 17, թիվ 23, թիվ 24, թիվ 25, թիվ 31, թիվ 33, թիվ 34 և թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում կշարունակվեն իրականացվել ընդհանուր առմամբ 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքները։

Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ չեն ստացվել:

Արփի Հարությունյան