Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում շիրակցի 14 գերիների շինծու քրգործով երկրորդ դատական նիստն է մեկնարկել

Բաքվում շիրակցի 14 գերիների շինծու քրգործով երկրորդ դատական նիստն է մեկնարկել
Հայաստան
13:54, 25 июнь 2021
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շիրակցի 14 ռազմագերիների շինծու քրեական գործով երկրորդ դատական նիստն է սկսվել։ Հայ գերիներին Բաքուն մեղադրում է Ադրբեջանում ահաբեկչություն ու այլ հանցագործությունների կատարման մեջ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստն ընթանում է դատավոր Աֆղան Հաջիևի նախագահությամբ։

Այսօրվա նիստին դատախազը հնչեցրել է մեղադրական եզրակացությունը։

Հայ ռազմագերիներն են՝ Հրաչյա Ավագյանը, Գեղամ Սերոբյանը, Արմեն Բագասյանը, Գոռ Գասպարյանը, Կամո Սեֆիլյանը, Վոլոդյա Հակոբյանը, Գևորգ Ասատրյանը, Սիսակ Ենգոյանը, Ալբերտ Պետրոսյանը, Ռոմիկ Սեդրակյանը, Արամ Մինասյանը, Մկրտիչ Մինասյանը, Էդգար Մաթեսյանը, Յուրի Կարապետյանը։

Նշենք, որ առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հունիսի 16-ին։ 13 գերիների մի խմբի դատավարությունն էլ տեղի էր ունեցել հունիսի 21-ին, ևս 13-ինը՝ հունիսի 22-ին։

Հավելենք, որ Բաքուն նախ շինծու քրեական գործ էր հարուցել 14 շիրակցի գերիների, ապա՝ ևս 13-ի նկատմամբ։ Այնուհետև Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ ևս 26 շիրակցի ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտել ու գործերն ուղարկել են դատարան։

Հիշեցնենք, որ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները տարբեր քրեական գործեր են հարուցել, որակել են դիվերսանտներ ու հրաժարվում են վերադարձնել։

9 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5 գերի, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Եվս մի խումբ՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին․ նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Հունիսի 12-ին էլ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 ռազմագերու, որոնց մեջ շիրակցիներ չկային։