Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իշխանությունը գործելու է օրենքների շրջանակներում»․ Ալեն Սիմոնյան

«Իշխանությունը գործելու է օրենքների շրջանակներում»․ Ալեն Սիմոնյան
Հայաստան
15:02, 23 февраль 2021
Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հնչած հարցին, թե Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են կրակել ժողովրդի վրա, ասաց, որ այս թեման այսպես շրջանառելուց առաջ պետք է հաշվի առնել, որ ընդդիմության կողմից, թե՛ գործողություններով, թե՛ հնչող բռնության կոչերով մենք շատ ծայրահեղ վիճակում ենք գտնվում։

«Ես կուզեի, որ այնպես ինչպես ինձ եք հետապնդում և հարցադրումներ անում, նույն կերպ հետապնդեք ընդդիմությունից Վազգեն Մանուկյանին և մյուսներին և այդ հարցադրումներն անեք, որ ամեն հանրահավաքի ժամանակ հնչում է բռնության, ապստամբության, շենքեր գրավելու կոչեր  և պատրաստակամություն՝ խմբեր ձևավորելու, պատգամավորներին, ոստիկաններին օր ու արև չտալու մասին։ Այ, էս ամեն ինչի հիմքը նախ և առաջ լուսաբանեք։ Ինչ վերաբերում է պրն․ Քոչարյանի ասածին, կարծում եմ, որ, օրինակ նոյեմբերի 9-10-ի գիշերը, այն գործողությունները, որը տեղի ունեցան և ուղղորդվում էին ընդդիմության տարբեր թևերի կողմից, դրանք կարող էին ավելի կոշտ արձագանք ստանալ, և ԱԺ նախագահի կյանքին վտանգ չսպառնար, կառավարության շենքում աշխատակիցների նկատմամբ բռնություն տեղի չունենար։ Չգիտես թե ինչու՝ որևէ մեկը չի խոսում խոսնակի նկատմամբ բռնության մասին, այլ ոչ թե հայտարարությունը այսպես կամ այնպես  մեկնաբանելու մասին», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Ըստ Սիմոնյանի, ՀՀ իշխանությունը պետք է գործի օրենքների շրջանակներում, ինչպես և եղել է հեղափոխությունից այս կողմ։ «Եվ եթե ընդդիմությունը ենթադրում է, որ օրինակ, այսօր ընդդիմության երթը առաջնորդող դերակատարներից մեկը, որը որ գիշերը ներխուժել է ձեր գործընկեր «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ և ջարդուխուրդ է արել, այն մարդիկ, ովքեր այսօր միտինգներ են անում և խոսում են շենքեր գրավելու մասին, այն մարդիկ, ովքեր մտել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ և ջարդուխուրդ էին անում, էդ մարդիկ օրենքի շրջանակում ստանալու են համապատասխան պատասխան», - նշեց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե հեղափոխության ժամանակ հեղափոխական թիմն էլ մտել էր Ռադիոտուն, Ալեն Սիմոնյանն ասաց՝ «Այ, սպասում էի այդ հարցին։ Հեղափոխության ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ, որևիցե բռնության կոչ չի եղել, իսկ Ռադիոտուն մտնելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Այս դեպքում նույնպես քրեական գործեր կհարուցվեն և իշխանությունը կգործի իր լիազորությունների շրջանակում»։

Սիմոնյանը ապա ավելացրեց՝ «եթե չեք մոռացել, Ռադիոտուն ներխուժելուց, ոստիկաններից մեկը փորձել է զենք կիրառել, սակայն վերջին պահին չի կիրառել, որովհետև տեսել է, որ մարդիկ տրամադրված չեն որևէ բռնության, ինչպես նաև այն ժամանակ կար եթերի խնդիր և Ռադիոտունը համեմատել Կառավարական առանձնատան, շենքեր գրավելու, «Ազատություն» ռադիոկայան մտնել ջարդելու հետ՝ համարում եմ անտեղի, ուստի խնդրում եմ ձեզ, Ռադիոտան օրինակը այլևս մի բերեք, որովհետև այդ օրինակը շատ թույլ փաստարկված օրինակ է»։