Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե քաղաքական գործընթացները լինեն ոչ իրավաչափ, պետությունը, բնականաբար, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի»․ քաղաքագետ

«Եթե քաղաքական գործընթացները լինեն ոչ իրավաչափ, պետությունը, բնականաբար, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի»․ քաղաքագետ
Հայաստան
15:57, 23 февраль 2021
«Ես կարծում եմ, որ ընդդիմությունը հատարարել է իր նպատակների մասին, եւ սրանք այն քայլերն են, ճանապարհային այն քարտեզն է, որով շարժվում են»,- Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմության այսօրվա քայլերին, երբ կառավարական շենքերը շրջափակվել էին ցուցարարների կողմից եւ բախում եղավ ցուցարարների ու ոստիկանության միջեւ, ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Սուրեն Պետրոսյանի կարծիքով՝ ցանկացած գործընթաց պետք է լինի ՀՀ սահմանդրության եւ օրենքների հետ համահունչ։ Ըստ նրա՝ որեւէ քաղաքական գործընթաց չպետք է իրավական հարթությունից դուրս գա եւ եթե այդ գործընթացները լինեն ոչ իրավաչափ, պետությունը, բնականաբար, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի։  «Սա, ես խնդրում եմ, չհամարել աջակցություն իշխանությանը, որոհետեւ ես բազմիցս նշել եմ, որ իշխանությունը ոչ թե միտումնավոր դավաճան է, այլ պատասխանատու է դարի հանցագործության համար, բայց դա դեռեւս չի ենթադրում, թե մյուս կողմը կարող է հակասահմանադրական ճանապարհով խնդիրներ լուծել, դա անթույլատրելի է»։

Civic.am-հարցին, թե ինչպե՞ս կարող է այս իրավիճակը հանգուցալուծվել, երբ ընդդիմությունը անընդհատ խոսում է ապստամբությունից, քաղաքագետը պատասխանեց․ «Մենք իրավունք չունենք այս բեկումնային իրավիճակում գնալ  նման քայլերի եւ քաղաքական անորոշությունները հաղթահարելու համար քաղաքական իշխանությունը պետք է օր առաջ նախաձեռնի ընտրություններ։ Ինձ համար ինչպես իշխանության օրակարգն է անընդունելի, այդպես էլ՝ ընդդիմության օրակարգը, որը առաջ է քաշում, այսպես ասած, միջանկյալ առաջնորդ, որը պետք է մեկ տարում հակաճգնաժամային քայլեր ձեռնարկի եւ անցկացնի արդար ընտրություններ»,- ավելացրեց նա։

Պետրոսյանի խոսքով՝ իր համար  ընդունելի կլիներ եթե ընդդիմությունը հանրահավաքներ աներ արտահերթ ընտրությունների համար։ Ունենք երկու ծայրահեղ վիճակ, բեւեռացում, որը չի կարող նպաստել քաղաքական իրավիճակի կայունացմանը կամ խնդիների լուծմանը։

Հարցին, թե ի՞նչ զիջումների պետք է գնա ընդդիմությունը եւ իշխանությունը, Սուրեն պետրոսյանը պատասխանեց․ «Խնդիրը զիջումների գնալու մեջ չէ, խնդիրը ռազմավարական ապագայի վերաբերյալ ունեցած պատկերացումների մասին է,  որը մենք չունենք։ Առաջին քայլը կախված է իշխանությունից, պետք է հայտարարեն հնարավորինս սեղմ ժամկետներում  արտահերթ ընտրությունների անցկացման մասին, որը թույլ կտա պարպել այս լարվածությունը հասարակության մեջ, եւ այս քաղաքական անորոշությունը չի լինի»։ 

Ըստ քաղաքագետի՝ այսպիսի իրավիճակը հետագայում կարող է տանել լուրջ ճգնաժամի,  քաղաքացիական բախումների։ Այնպես որ՝ առաջին քայլը պետք է լինի արտահերթ ընրությունների օրվա մասին հայտարարելու մասին կամ լինեն բանակցություններ, կոնսենսուս եւ այլն։ Եթե իհարկե նույնիսկ կոնսենսուս չլինի, իշխանությունը գիտակցելու է, որ փաստացիորեն ունակ չէ հաղթահարելու կամ պատասխանելու իր առջեւ դրված մարտահրավերներին, խոսքը ներքին մարտահրավերների մասին չէ, խոսքը պետությանը նետված մարտահրավերների մասին է։ 

 «Փաստացի իշխանությունը ունակ չէ որեւէ մարտահրավերի պատասխանելու, եւ ինքը դա գիտակցելով պետք է գնա արտահերթի, ոչ թե իշխանությունը ինչ-որ անձի փոխանցի, ոչ թե ինչ-որ զիջումների գնա։ Անկախ նրանից ընդդիմությունը ինչ է պահանջում՝ իշխանությունը պետության գլխավոր պատասպխանատուն է, եւ ինքը պետք է կարողանա քաղաքական գործընթացները համակարգել եւ հետամուտ լինել դրանց իրականացմանը», ավելացրեց նա։

Պետրոսյանի կարծիքով՝ եթե իշխանությունը գիտի, որ չի կարողանում փաստացիորեն իրականացնել պետության կառավարում, եւ չեն կարողանում աապահովել պետության անվտանգությունը, մյուս կողմից էլ ընդդիմությունը փորձում է հեշտ տարբերակով իշխանություն ունենալ, ապա միեւնույն է, դա իշխանությանը չի ազատում պատասխանատվությունից։ 

Ըստ նրա՝ պետք է սահմանել, որն է պետության շահը եւ առաջնորդվել այդ շահով, անկախ նրանից իշխանությունը կունենա կոնսենսուս, թե՞ չի ունենա։ «Իսկ ես համոզված եմ, որ պետության ու հասարակության գերակա շահը չի ենթադրում ընտրությունների հետաձգում կամ այս իշխանությունների 5 տարվա կառավարման ժամանակի սպառում»,- նշեց քաղաքագետը։