Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի ու Միքայել Մինասյանի թիմերը գժտվել են «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի բացահայտումից հետո

Ռոբերտ Քոչարյանի ու Միքայել Մինասյանի թիմերը գժտվել են «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի բացահայտումից հետո
Հայաստան
18:42, 23 февраль 2021
Civic.am-ին հասած տեղեկություններով՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի օգտատերերի՝ ԱԱԾ բացահայտումից ու կալանավորումից հետո կոնֆլիկտ է ստեղծվել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի միջև։ 

Խնդիրն այն է, որ այդ ֆեյքը ուղղակի կամ անուղղակի որոշակի գրառումներ է արել նաև Քոչարյանի ու նրա թիմի հասցեին։ Երբ Քոչարյանը հասկացել է, որ դրա հետևում Մինասյանի թիմն է, կոնկրետ մեղադրանք է ներկայացրել Մինասյանին՝ իրեն և իր թիմին էլ վարկաբեկելու համար, ինչի արդյունքում, որոշ տեղեկություններով, երկու թիմերը գժտվել են։ 

Ի դեպ, այդ ֆեյքը ոչ միայն կեղտոտ ստեր ու սեռական բնույթի հայհոյանքներ է տարածել ներկա իշխանության ներկայացուցիչների հասցեին, այլև վիրավորել է, օրինակ,Կարեն Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին ու նրա թիմին, իսկ Սերժ Սարգսյանին կամ ադեկվատներին միշտ գովել է։ 

Փորձեցինք տեղեկությունը ճշտել հասցեատերերից, սակայն Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանը ևս չպատասխանեց մեր հարցին, քանի որ հանրհահավաքի վայրում էր։ Իսկ ադեկվատներից Լիլիթ Թումանյանից ու Նարեկ Մալյանից նույնպես պատասխան չեղավ։  
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ֆեյսբուքյան ֆեյք օգտատեր «Gagik Soghomonyan»-ին բացահայտելու համար ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին։

Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է, Մհեր Ավագյանը ազատ արձակվել, իսկ Կարեն Բեքարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը։ Նրանք ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: 

Այժմ կալանավորված են Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը։