Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներկայիս անվտանգային ճգնաժամի հաղթահարումը պահանջում է ոչ միայն խոսքեր, այլ նաև գործեր. ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարի ելույթը՝ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նիստին

Ներկայիս անվտանգային ճգնաժամի հաղթահարումը պահանջում է ոչ միայն խոսքեր, այլ նաև գործեր. ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարի ելույթը՝ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նիստին
Միջազգային
11:43, 23 июль 2021
Հուլիսի 21-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) ՀՀ նախագահության փակման նիստը: Ամփոփիչ ելույթով հանդես եկավ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը:Այս մասին հայտնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը:

Իր խոսքում դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանը ստանձնել է ԱՀՖ նախագահությունն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո, երբ խաղաղությունն ու անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում վտանգված են: Այս առումով նա նշեց ՀՀ նախագահության գերակայությունների արդիականությունը և ընդգծեց Հայաստանի մոտեցումը, որ ԵԱՀԿ հանձնառությունների շարունակական և միտումնավոր խախտումները վտանգում են խաղաղությունը և հող նախապատրաստում ուժի կիրառման համար:

Դեսպան Պապիկյանը նշեց, որ ԱՀՖ ՀՀ նախագահության ընթացքում ԵԱՀԿ հանձնառությունների խախտումները, մասնավորապես, լայնածավալ ռազմական գործողությունները, շարունակել են վտանգել ԵԱՀԿ տարածաշրջանի, այդ թվում՝ Հարավային Կովկասի խաղաղությունը և անվտանգությունը:

Ամփոփելով Հայաստանի նախագահությունը՝ դեսպան Պապիկյանն անդրադարձավ վերջին երեք ամիսների ընթացքում կազմակերպված երկխոսություններին և քննարկումներին՝ առանձնացնելով ԵԱՀԿ շվեդական նախագահության հետ կազմակերպված համատեղ նիստն ահաբեկչության դեմ պայքարի թեմայով, որի ընթացքում քննարկվեցին նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների օգտագործման վտանգները: Ընդգծվեց, որ վստահության վերականգնման ԱՀՖ ՀՀ նախագահության գերակայության իրականացման համար անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք Հելսինկիի համագործակցության ոգուն համահունչ, և որ ներկայիս անվտանգային ճգնաժամի հաղթահարումը պահանջում է ոչ միայն խոսքեր, այլ նաև գործեր: Նա կարևորեց անկեղծ երկխոսությունը եվրոպական միասնական և անբաժանելի անվտանգության հարատև ապահովման առումով, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի բացառումը՝ ընդհանուր սկզբունքների և հանձնառությունների հարգման և համագործակցության խթանման առումով:

ԵԱՀԿ մասնակից պետությունները շնորհավորեցին Հայաստանին նախագահության հաջող անցկացման համար և շնորհակալություն հայտնեցին ՀՀ նախագահությանը հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ կազմակերպելու համար: