Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուկաշենկոյի հայտարարությունը վիրավորանք է ոչ միայն Հայաստանի ու զոհերի, այլև միջազգային իրավունքի նկատմամբ․ Նույնիսկ Ադրբեջանն իրեն այդպիսի լկտի արտահայտություն թույլ չի տալիս․ քաղաքագետներ

Լուկաշենկոյի հայտարարությունը վիրավորանք է ոչ միայն Հայաստանի ու զոհերի, այլև միջազգային իրավունքի նկատմամբ․ Նույնիսկ Ադրբեջանն իրեն այդպիսի լկտի արտահայտություն թույլ չի տալիս․ քաղաքագետներ
Միջազգային
18:04, 27 июль 2021
Ադրբեջանի և Ադրբեջանի նախագահի դիրքորոշման շնորհիվ հնարավոր եղավ  կայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հասնել գոյություն ունեցող խնդիրների խաղաղ կարգավորմանը: Այս մասին երեկ՝ հուլիսի 26-ին, Մինսկում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ և հավելել. «Իհարկե, խաղաղության ուղին նոր է սկսվել: Հուսանք՝ այն կարճ կտևի: Ե՛վ հայ, և՛ ադրբեջանական ժողովուրդը արժանի է հանգիստ, խաղաղ կյանքի»։

Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Մոսիյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լուկաշենկոյի հայտարարությանը՝ շեշտեց, որ դա միանշանակ քննադատելի հայտարարություն է, և հայկական կողմը շատ կոշտ պետք է արձագանքի Բելառուսի նախագահի խոսքերին. «Ընդհանրապես ցանկացած երկիր հավասարակշիռ մոտեցում պետք է ցուցաբերի, իսկ Բելառուսն առավել ևս՝ լինելով ՀԱՊԿ անդամ։ Ադրբեջանը հիմա էլ է կրակում, ոնց որ առաջ են կրակել, և երկրորդ՝    սա այն խաղաղությունը չէ, որին կցանկանայինք հասնել»։  

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն էլ հիշատակեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հազարավոր զոհեր են եղել, Արցախում տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց տներից, մարդու իրավունքների սարսափելի խախտումներով ուղղորդված բռնություններ են իրականացվել, և այս ամենն անվանել խաղաղ կարգավորում՝ բնութագրում է Լուկաշենկոյի պատկերացումները երկրի կառավարման շրջանակների և թույլատրելիի մասին, ինչը նաև, հնարավոր է, վերաբերում է նրա կողմից երկրի արտաքին քաղաքականության վարմանը։

«Լուկաշենկոյի հայտարարությունը վիրավորանք է ոչ միայն Հայաստանի ու զոհերի նկատմամբ, այլ նաև արհամարհական վերաբերմունք միջազգային իրավունքի նկատմամբ։  Նման վերաբերմունք թույլ են տվել սպեցիֆիկ երկրներ, որոնց գործողությունները դատապարտվել են ՄԱԿ ԱԽ-ի մակարդակով կամ դրան նախորդող միջազգային կառույցների մակարդակով, և այդ երկրները պատժվել են»,- հավելեց քաղաքագետը։

Նա նաև ընդգծեց, որ նույնիսկ Ադրբեջանն այդպիսի լկտի արտահայտություն իրեն թույլ չի տալիս, որ ասի՝ մենք խաղաղ ենք կարգավորել խնդիրը, այլ ասում է՝ ուժով ենք հասել արդարության և ուզում ենք մեր պայմաններով լինի խաղաղություն. «Խաղաղ կարգավորումը ու 44-օրյա պատերազմը իրար կողքի որևէ կերպ չեն կանգնում։ Հարցի խաղաղ կարգավորման օրինակ է Չեխոսլովակիայի բաժանումը՝ Չեխիայի և Սլովակիայի, որի ժամանակ որևէ մեկը չի զոհվել՝ ղեկավարները պայմանավորվել են և իրականացրել»։ 
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին՝ Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի այնտեղ մնալն անհիմն է, քանի որ որևէ դրական անվտանգային բովանդակություն սպասելի չէ այդ կառույցից։ 

Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի և Բելառուսի հարաբերությունները բարելավվել են շատ տարիներ առաջ. «Երբ Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները խիստ լարվեցին, և Ռուսաստանը հրաժարվում էր նավթ մատակարարել Բելառուսի նավթավերամշակման գործարաններ՝ այդ նավթն սկսեց մատակարարել Ադրբեջանը։ Եվ երբ Բելառուսը գումար չուներ, որ Ռուսաստանին պարտքը վճարեր, այդ ժամանակ Ադրբեջանը մոտ 200 մլն դոլար հատկացրեց Բելառուսին՝ պարտքը փակելու համար»։ 

Քաղաքագետի դիտարկմամբ՝ նման վերաբերմունքները չեն մոռացվում, և որպես համարժեք պատասխան՝ Բելառուսն անհրաժեշտ քանակությամբ զենք վաճառեց Ադրբեջանին. «Ադրբեջանի և Բելառուսի հարաբերություններն ավելի լավ են, քան Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները։  Բելառուսը մի քանի անգամ պաշտպանել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում»։ 

Հարցին՝ արդյոք որպես ՀԱՊԿ անդամ երկիր առավել քննադատելի չէ՞ Բելառուսի նախագահի նման հայտարարությունը, Արմեն Բադալյանն արձագանքեց. «ՀԱՊԿ-ը, որպես այդպիսին, փաստացի գոյություն չունի։ ՀԱՊԿ-ի անդամները, ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամների, ընդհանուր ռազմաքաղաքական շահեր չունեն։ ՀԱՊԿ-ում երեք տարբեր ուղղություններ կան՝ Միջին Ասիան՝ Աֆղանստանի դեմ, Թուրքիան՝ հայկական ուղղությունների դեմ, և բելառուսական ուղղությունը՝ Եվրոպայի դեմ։ Եվ այս երեք ուղղություններն իրար հետ որևէ կապ չունեն։ Իսկ ՆԱՏՕ-ից եթե Թուրքիային հանենք, մնացած պետություններն ունեն նույն մենթալիտետային մտածելակերպն ու նույն արտաքին քաղաքական ու կրոնական շահերը»։  

Քաղաքագետը հիշատակեց նաև, որ ՀԱՊԿ անդամ պետություններից Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը շատ ավելի լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քան Հայաստանի, ավելին՝ Ղրղըզստանը, Ղազախստանը և մի շարք այլ պետություններ Ադրբեջանի հետ թուրքալեզու միության անդամ են։

ՀՀ ԱԳՆ-ից հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ են որևէ կերպ արձագանքել Լուկաշենկոյի հայտարարությանը, սակայն մեզ ասացին, որ կպատասխանեն գրավոր հարցման դեպքում միայն։ 

Նարա Մարտիրոսյան