Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը. Հայաստանի պատվիրակ «Yan Girls» խումբը ելույթ կունենա ութերորդը․ ՈՒՂԻՂ

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը. Հայաստանի պատվիրակ «Yan Girls» խումբը ելույթ կունենա ութերորդը․ ՈՒՂԻՂ
Միջազգային
19:07, 26 ноябрь 2023
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում նոյեմբերի 26-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 16 երկիր: Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

 Հայաստանի պատվիրակ «Yan Girls» խումբը հանդես կգա 8 համարի ներքո: Խումբը կկատարի «Do It My Way» երգը:

Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 24-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին  www.junioreurovision.tv  կայքի միջոցով:
Քվեարկությունն ավարտվեց նոյեմբերի 26-ին, մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:
Քվեարկության համար կտրվի 15 րոպե: Քվեարկության ավարտից հետո քվեարկողի ձայնը կուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին կավելացվեն նաև ժյուրիի ձայները:
Հայաստանի ներկայացուցիչ «Yan Girls» խմբի օգտին կարող են քվեարկել  Հայաստանում բնակվող երաժշտասերները ևս: Քվեարկել հնարավոր է նաև այն երկրներից, որոնք մրցույթին չեն մասնակցում:
Մրցույթին մասնակցում են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան:
Մրցույթին մասնակցելու համար Հայաստանի պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:
Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան «Yan Girls» խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական եսն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին:
Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերը՝ Մալենայի և Վահրամ Պետրոսյանի: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆը՝ Վիկա Մարտիրոսյանը, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:
Եվրոպական հեռարձակողների միությունից նշում են՝ ողջունում են, որ Հայաստանը մասնակցում է մրցույթին՝ չնայած Հայաստանի առջև ծառացած խնդիրներին: