Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զասի հայտարարությունը հերթապահ հայտարարություն է, նա ոչինչ չի որոշում. ՀԱՊԿ-ի անելիքն ու չանելիքը որոշում է մեկ մարդ. Քաղաքագետ

Զասի հայտարարությունը հերթապահ հայտարարություն է, նա ոչինչ չի որոշում.  ՀԱՊԿ-ի անելիքն ու չանելիքը որոշում է մեկ մարդ. Քաղաքագետ
Միջազգային
18:15, 10 август 2021
«Զասի հայտարարությունը հերթապահ հայտարարություն է։ Դրանից որևէ գործողություն չի բխում։ Այդ հայտարարությունը սեփական դեմքը փրկելուն ուղղված փորձ է, ոչ ավելին։ Մեծ հաշվով Զասի այցից որևէ սպասելիք չկար»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ 

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ է մշակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանային իրավիճակի կարգավորման վերաբերյալ և ինչո՞ւ կազմակերպությունը, այնուամենայնիվ, հստակ և պարզ գնահատական չի տալիս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին, ասել էր հետևյալը.«Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող այն միջադեպերը, որոնց մասին խոսում եք, սպառնալիք են ներկայացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի  և, իհարկե, նաև կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության համար: Եթե խոսենք խնդրի լուծման ուղիների մասին, ապա մենք կարծում ենք, որ այս իրավիճակի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և իրականում դա ամենալավ տարբերակը կլիներ բոլորի համար»։

Քաղաքագետի խոսքով՝ սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված Զասը ոչինչ չի կարող անել՝ հաշվի առնելով անցած ամիսների իրենց կեցվածքը։ «Ի վերջո ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որտեղ Զասը ոչինչ չի որոշում։ ՀԱՊԿ-ի անելիքն ու չանելիքը որոշում է մի մարդ, որը նստած է Կրեմլում։ Զասը լավագույն դեպքում Երևանում խոսացածը կփոխանցի իր վերադասին։ Ի վերջո ՀԱՊԿ-ը դա մի ծիսական գործիք է մեկ մարդու ձեռքին։ Զասից չպետք է սպասել այն, ինչ նրա չափսերով չէ»,-ասաց Մեհրաբյանը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում պնդեց, որ Զասի այցելությունն անպատեհ էր, այդ այցը ոչ մի բան չէր տալու նույն պատճառով՝ Զասը չի որոշում ՀԱՊԿ-ի քաղաքականությունը։ ՀԱՊԿ-ի քաղաքականությունը որոշում են երկրները, իսկ կոնկրետ Բելառուսի դիրքորոշումը բավական պրոադրբեջանական է.«ՀԱՊԿ-ի դիրքորոշումը Ադրբեջանի հետ Հայաստանի ունեցած խնդիրների վերաբերյալ երբեք չի լինի հայանպաստ։ Հետևաբար Զասի այցելությունը ոչ մի բան չի տա։ Դրա վառ արտահայտությունը նրա այդ հայտարարությունն է։ Նա օգտագործում է բախումներ բառը հայ-ադրբեջանական սահմանում ընթացողի վերաբերյալ։ Բայց ի՞նչ է նշանակում բախում։ Ադրբեջանն ագրեսիա է կիրառում Հայաստանի դեմ, իսկ Զասն ասում է բախումներ։ Նախկինում ասում էին միջսահմանային միջադեպ, հիմա ավելի վատ տերմին է օգտագործում՝ բախում։ Հետևաբար ես այս այցից ոչինչ չէի սպասում և կրկին համոզվեցի, որ այդ կազմակերպության մեջ մեր շահերը չեն արտահայտվում։ Զասի այսօրվա հայտարարությունն էլ Հայաստանի համար ոչ մի լավ բան չի պարունակում»,-ընդգծեց Գրիգորյանը։

Քաղաքագետները ողջունեցին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի երեկվա կոշտ հայտարարությունը։ Նախ որ նախարարը դժգոհություն հայտնեց դեռևս մայիս ամսին սպասվող այցը չեղարկելու վերաբերյալ, ինչպես նաև Պնախարարը շատ իրավացիորեն ընդգծեց, որ ՀԱՊԿ մեխանիզմները չեն աշխատում.«Սա միայն կարելի է ողջյունել»,-ասաց Ստեփան Գրիգորյանը։

Ռուբեն Մեհրաբյանն էլ իր հերթին ավելացրեց, որ Պաշտպանության նախարարը Զասին ասեց այն ինչ իրականությունն է և ինչ մակերեսն է։