Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եռակողմ հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը չի նշանակում, որ ՀՀ տարածք ադրբեջանցիների ներխուժման հարցն օրակարգից հանված է

Եռակողմ հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը չի նշանակում, որ ՀՀ տարածք ադրբեջանցիների ներխուժման հարցն օրակարգից հանված է
Միջազգային
17:39, 19 август 2021

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները օգոստոսի 17-ին վերսկսեցին տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ աշխատանքները։ 

Եռակողմ ձևաչափով ընթացող աշխատանքները դադարեցվել էին մայիսի 12-ից, երբ Ադրբեջանի զինծառայողները հատեցին Հայաստանի պետական սահմանը՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռևս հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ սահմանային լարվածության պարագայում արդյունավետ չեն լինի աշխատանքները, հետևաբար դադարեցվել են։

Ադրբեջանի զինծառայողները հետ չեն գնացել Սյունիքի ու Գեղարքունիքի կողմից առաջացած հատվածներից, ավելին՝ շարունակում են ամրացնել իրենց դիրքերը, իսկ փոխադարձ հրաձգությունից կան զոհեր և վիրավորներ երկու կողմերից։ Եվ թեպետ սահմանին լարվածությունը դեռ պահպանվում է, օրերս կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է օր առաջ վերսկսել աշխատանքները փոխվարչապետների եռակողմ ձևաչափում՝ տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման համար։ 

Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը տեսակետ հայտնեց, որ գուցե Ռուսաստանի կողմից կան հավաստիացումներ, որ սահմանի հարցն ի վերջո լուծվելու է, և այդ պատճառով է Հայաստանը գնացել նման քայլի. «Կոմունիկացիաների բացման շուրջ աշխատանքների վերսկսումը համընկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան այցելությանը և ՀՀ պաշտպանության նախարարի այն կոշտ հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքներն ուժի կիրառմամբ պաշտպանել։ Այնուամենայնիվ, նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի համաձայնությունների հիման վրա աշխատանքներն ի վերջո պետք է վերսկսվեին, և Հայաստանը դժվար թե կարողանար երկար ժամանակով դադարեցնել, քանի որ ենթակառուցվածքների բացումը համապատասխանում է կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանը գուցե տեսնում է սահմանային լարվածության չեզոքացման ու խնդրի լուծման միջոցներ»։   

Քաղաքագետ Վահրամ Հովյանն էլ ընդգծեց՝ թեպետ ցավալի է, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքում են, բայց հաշվի առնելով, որ չկան ակտիվ ռազմական գործողություններ՝ միայն Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից  ՀՀ պետական սահմանի հատումը Հայաստանի կողմից չի դիտվել այնպիսի գործոն, որի հետևանքով կարելի է ընդհանրապես հրաժարվել բանակցություններից. «Կարծում եմ՝ այստեղ կա Ռուսաստանի գործոնը, քանի որ Ռուսաստանը խնդիրը դիտարկում է սահմանազատման և սահմանագծման համատեքստում, ինչպես նաև տարածաշրջանում  կայունությունը մեծացնելու և հաղորդակցության միջոցները բացելու։ Հետևաբար Հայաստանն էլ իր կողմից բարի կամքի դրսևորում է ցուցաբերել՝ գնալով բանակցությունների։ Բայց չմոռանանք, որ ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարկ եղած դեպքում մենք կարող ենք ուժի կիրառմամբ այդ հարցը լուծել։ Այսինքն՝ բանակցությունների գնալը դեռ չի նշանակում, որ հարցն օրակարգից հանված է»։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս նշել է, որ իրենք պետք է հասնեն «Զանգեզուրի միջանցք» բացելու իրենց առաջարկի կատարմանը։ Հայկական կողմը կտրականապես հերքել է միջանցքի շուրջ բանակցությունները։  Քաղաքագետներից հետաքրքրվեցինք՝ հիմա սահմանային լարվածության ֆոնին վերսկսվել են բանակցությունները, Ադրբեջանը չի՞ գնա սահմանային սադրանքների՝ «միջանցք» բացելու իր նպատակին հասնելու համար։

«Համոզված եմ, որ Ադրբեջանն օգտագործելու է ցանկացած առիթ Հայաստանի վրա ճնշում բանեցնելու և հնարավորինս ավելի մեծ արդյունքների հասնելու համար։ Ցանկացած պատերազմում հաղթող կողմը փորձում է ճնշումների միջոցով մինչև վերջ ստանալ իր ակնկալիքները։ Գուցե և հայկական կողմի վրա լինեն ճնշումներ «միջանցքային տրամաբանության» առումով, որոնց Հայաստանը չկարողանա դիմակայել։  Դա էլ կլինի վատ սցենարը, ինչը Հայաստանի շահերց չի բխում։ Մեր խնդիրն է հետ չկանգնել այն սկզբունքներից, որոնք կարմիր գիծ են Հայաստանի համար»,- պատասխանեց Ռոբերտ Ղևոնդյանը։   

Քաղաքագետ Վահրամ Հովյանն էլ ընդգծեց, որ մինչ Հայաստանը, Ռուսաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները առաջնորդվում են նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ստորագրված համաձայնությունների օրակարգով՝ Ադրբեջանը փորձում է դրան հակադրել իր սեփական օրակարգը. «Ադրբեջանի այլընտրանքային օրակարգի բաղադրիչներն են, օրինակ, միանգամից Հայաստանի հետ հաշտության պայմանագրի կնքումը, միանգամից արցախյան հիմնախնդրի լուծումը, և պատահական չէ, որ Ալիևը հայտարարում է, որ արցախյան հիմնախնդիրն արդեն լուծված է, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին իրենց օրնիբուն հնչող հայտարարությունները»։
Քաղաքագետի տեսակետով՝ Հայաստանը պետք է, ակտիվ համագործակցելով Ռուսաստանի հետ, թույլ չտա, որ Ադրբեջանն իր այլընտրանքային օրակարգն առաջ մղի. «Կարծում եմ՝ այսպիսի այլընտրանքային օրակարգ առաջ տանելով՝ Ադրբեջանը մարտահրավեր է նետում ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին։ Ադրբեջանն այն քաշային կարգում գտնվող երկիրը չէ, որ միայնակ մարտահրավեր նետի Ռուսաստանին, այստեղ կա նաև Թուրքիայի գործոնը, այսինքն՝ Ադրբեջանի հետևում կանգնած է Թուրքիան»։ 
 
Ապաշրջափակումն, ի վերջո, ի նպաստ Հայաստանի կլինի՞, թե՞ ոչ՝ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ եթե Հայաստանն ունենա ազատ ճանապարհ, օրինակ՝ Ղազախով դեպի Ռուսաստան, եթե հնարավոր լինի օգտագործել ամբողջ տարածաշրջանի ենթակառուցվածքները, ապա Հայաստանը հնարավորություն կստանա օգուտներ քաղել դրանից. «Հայկական կողմը հանրային մակարդակում չի խոսում Երևան-Իրան ամենամոտ ճանապարհի մասին՝ դա Երասխով դեպի Իրան անցնող ճանապարհն է։ Այնտեղ կա հին երկաթուղի խորհրդային տարիներից մնացած, եթե դա նույնիսկ չլիներ, այդ ճանապարհը շատ մոտ է, և հնարավոր է երկաթուղի կառուցել դեպի Իրան։ Երկաթուղու աշխատանքները տեխնիկապես Մեղրիով իրականացնելը շատ բարդ է, և գուցե այդ ճանապարհով հնարավոր լինի իրականացնելը»։

Civic.am-ը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի կողմից Եռակողմ հանձնաժողովի աշխատանքների վերսկսման մի շարք հարցերի վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։


Նարա Մարտիրոսյան