Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գազի գինը մեզ մոտ անհամեմատ բարձր է․ Միայն գազի միասնական շուկայի դեպքում ԵԱՏՄ պետություններին հնարավորություն կտրվի մոտեցնել գները․ տնտեսագետ

Գազի գինը մեզ մոտ անհամեմատ բարձր է․ Միայն գազի միասնական շուկայի դեպքում ԵԱՏՄ պետություններին հնարավորություն կտրվի մոտեցնել գները․ տնտեսագետ
Միջազգային
15:26, 20 август 2021
Այսօր՝ օգոստոսի 20-ին, Ղրղզստանում Հայաստանի վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Նա իր ելույթում անդրադարձել է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակում Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը. «Այս տարի անդամ երկրները, Հանձնաժողովի հետ միասին, սկսեցին Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրի քննարկումը: Ակնկալում ենք շարունակական կառուցողական աշխատանք՝ հիմնված փոխըմբռնման վրա և հաշվի առնելով Միության բոլոր անդամ երկրների շահերը»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Civic.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ միասնական գազի շուկայի նպատակն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրների գազի գները լինեն իրար մոտ և մրցունակ, որ զուտ էներգակիրների հաշվին ԵԱՏՄ անդամ երկրները չունենան մրցակցային առավելություններ. «Միևնույն ժամանակ նշեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը, որը հիմնական գազամատակարար երկիրն է, այս պայմաններում նաև իր շահերն ու առաջնահերթություններն ունի, և պետք է փորձել ներդաշնակեցնել ԵԱՏՄ մյուս երկրների հետ այդ շահերը և գտնել այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համար ընդունելի լինել։ Դա կարող է լինել միասնական գազային բորսայի մոտեցումը, պայմանագիրը և այլն»։   
Տնտեսագետի խոսքով՝  այս պահին սեղանին չկան վերջնական լուծման փաթեթներ, որոնք թույլ կտան ասելու, որ, ենթադրենք, 2025թ. կունենանք միասնական գազի շուկա. «Բայց նպատակը դրված է, և այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվում են։ Հայաստանը շահագրգռված է, որ այս միասնական գազային շուկայի գաղափարը կյանքի կոչվի օր առաջ, հաշվի առնելով, որ Հայաստանը ներկրող երկիր է, և գազի գինը մեզ մոտ անհամեմատ ավելի բարձր է, քան ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում»։
Համեմատության համար Սուրեն Պարսյանը նշեց, որ Հայաստանը Ռուսաստանից գազն ստանում է 165 ԱՄՆ դոլարով՝ 1000 խմ հաշվով, իսկ Բելառուսը ստանում է 120 ԱՄՆ դոլարով՝ 1000 խմ հաշվով. «Եվ սա մեզ մոտ բնականաբար հանգեցնում է էլեկտրաէներգիայի գնի թանկացման։ Առհասարակ էներգակիրների գների աճը հանգեցնում է շղթայաբար տնտեսության մեջ ապրանքների, ծառայությունների գների աճին, որը նվազեցնում է մեր հայրենական արտադրանքի մրցունակությունը ԵԱՏՄ շուկայում»։
Հարցին՝ որքանո՞վ եք իրատեսական համարում Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորումը, մեր զրուցակիցն ընդգծեց, որ պրոցեսները կարագացվեն, եթե ինտեգրման էլ ավելի խորացված մոտեցում ցուցաբերվի․ «Օրինակ՝ ներկայումս խոսվում է ԵԱՏՄ երկրների համագործակցությամբ միութենական մոդելի մասին։ Կարծում եմ՝ այդ մոդելի շրջանակում միասնական գազի շուկա ունենալը կլինի էլ ավելի հավանական։ Ներկայիս ձևաչափով՝ այս ինտեգրման մակարդակով ու այս շահերի պայմաններում միասնական գազի շուկան կյանքի կոչելը դժվար է։ Ըստ էության ՌԴ-ն գազի մատակարարման տարբերակված մոտեցումներ է կիրառում իր սեփական սպառողների և այլ երկրների համար։ Օրինակ՝ Սոչի գազ մատակարարելու համար ինքը գազը հաշվարկում է այլ սակագներով, քանի որ դա իր երկրի տարածքն է, բայց մյուս երկրների, օրինակ՝ Հայաստանի կամ Բելառուսի համար գազի փոխադրումը հաշվարկում է այլ սակագներով»։  
Սուրեն Պարսյանը կարծում է, որ միայն միութենական մոդելի դեպքում ԵԱՏՄ պետությունները միասնական տարածք կդիտվեն, և որպես միասնական շահերի կենտրոն՝  հնարավորություն կտրվի մոտեցնելու գազի գները․ «Հակառակ դեպքում ռուսական կողմը դարձյալ կպնդի, որ իր տարածքում ինքը իր սպառողների համար մատակարարում է ուրիշ սակագնով, մեկ այլ երկրի համար՝ ուրիշ սակագնով։ Մենք ինքներս էլ ենք այդպես անում, օրինակ՝ Գեղարքունիք կամ Սյունիք որ գազ ենք մատակարարում՝ ուրիշ ձևով ենք հաշվարկում, բայց Իրանից երբ գազ ենք ստանում՝ այդ հաշվարկը կատարում ենք միջպետական համաձայնագրի շրջանակներում»։ 

Տնտեսագետը հիշատակեց նաև, որ միասնական գազի շուկայի մասին քննարկումները սկսվել են դեռևս 2015թ.-ից, նաև կնքվել է հայեցակարգ միասնական գազի շուկայի վերաբերյալ, ըստ որի՝ մենք ԵԱՏՄ շրջանակներում ունենալու ենք միասնական գազի շուկա: «Առաջին քայլերը ենթադրում էին, որ մենք պետք է սինխրոնացնենք մեր գազի մատակարարման կամ գազի օգտագործման օրենսդրությունը՝ մեթոդաբանությունը, որը թույլ կտար հիմքեր ստեղծելու ապագայում միասնական գազի շուկա ունենալու։ Բացի դրանից, քննարկվել էր նաև մի մոտեցում, ըստ որի՝ ԵԱՏՄ սահմանամերձ շրջաններում մեծածախ գազի գինը չի կարող կտրուկ տարբեր լինել, և որպես սահմանափակում՝ դրված է 20 տոկոս»,- ասաց Սուրեն Պարսյանն ու հավելեց, որ Ռուսաստանի հարավային շրջանների, օրինակ՝ Սոչիի մեծածախ գազի գինը չէր կարող Հայաստան մատակարարվող գազի գնի 20 տոկոսից ավելի էժան լինել. «Սա թույլ էր տալիս ԵԱՏՄ անդամ երկրներում ունենալ մրցունակ գազի գին։ Հակառակ դեպքում ստացվում է, որ, օրինակ, արտադրությունը կարելի է հիմնել Ռուսաստանում, որտեղ գազի գինն անհամեմատ էժան է, կամ էլ Բելառուսում, և Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, կորցնում է իր շուկաները, իր արտադրությունները»։ 

Նարա Մարտիրոսյան