Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված գերիների վերադարձը. Իտալիայում ՀՀ դեսպան

Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված գերիների վերադարձը. Իտալիայում ՀՀ դեսպան
Միջազգային
14:11, 30 август 2021
Օգոստոսի 29-ին Իտալիայի Սան Ջորջո դել Սանիո քաղաքում տեղի է ունեցել «Կամպանիա Եվրոպա Միջերկրական» ասոցիացիայի կազմակերպած ամենամյա Premio Marzani մրցանակաբաշխությունը։
 
Միջոցառումը տեղի է ունենում Իտալիայի արտաքին գործերի նախարարության, Իտալիայի Պատգամավորների պալատի, Իտալիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության, Կամպանիա նահանգի, Բենեվենտոյի շրջանի, Բենեվենտոյի առևտրի պալատի, Կամպանիա շրջանի լրագրողների միության, Սանիոյի համալսարանի, ինչպես նաև Սան Ջորջո դել Սանիո քաղաքի հովանու ներքո։
 
ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին հանձնվել է Premio Marzani մրցանակը, որը տրվում է լրագրողներին, գրողներին և դիվանագետներին, ովքեր իրենց գործունեությամբ նշանակալի ավանդ են ունեցել խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում։

Դեսպանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված պատերազմը և դրա հետևանքները, խոսել այդ պատերազմի ընթացքում Թուրքիայի դերի մասին։ Դեսպանը ներկաներին տեղեկացրել է, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված գերիների վերադարձը և շարունակում է անազատության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների։
 
Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում Ադրբեջանն ավերում է հայկական բազմադարյա մշակութային և կրոնական ժառանգության հուշարձանները։
 
Դեսպանը նշել է նաև, որ չնայած պատերազմը դադարեցվել է, սակայն դեռևս լուծված չէ Արցախի խնդիրը։ Դեսպանը նշել է, որ հայկական կողմի համար ամենակարևորը արցախահայության՝ սեփական հողում ազատ ապրելու և արարելու իրավունքն է, որն իրացնելու միակ ձևը ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։