Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով. Սերգեյ Լավրով

Երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով. Սերգեյ Լավրով
Միջազգային
16:43, 31 август 2021
Մոսկվայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, առանձին ուշադրություն է դարձվել Անդրկովասում խաղաղության և կայունության հաստատմանը և մանրամասն քննարկվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը: 

Նրա խոսքով` բոլոր հարցերն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով:

«Պայմանավորվել ենք չթուլացնել ուշադրությունը Երևանի և Բաքվի հարաբերություններում փոխադարձ խնդրահարույց հարցերի վերացմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ ուղղված հայ գերիների վերադարձի, ինչպես նաև ականապատման քարտեզների փոխանցման հարցերի վերջնական կարգավորմանը: Հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեության անհրաժեշտությունը: Կարծիքներ ենք փոխանակել նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու սահմաններից դուրս  ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ելնում ենք այն հանգամանքից, որ բոլոր հարցերն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով: ՌԴ նախագահի նախաձեռնությունն այս հարցով լավ հայտնի է: Այսօր քննարկել ենք՝ ինչպես ապահովել դրա արագ իրագործումը:  Վերահաստատել ենք մեր պատրաստակամությունն ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,- ասել է Լավրովը:

Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմը «գոհ է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքից, որն ընթանում է երեք երկրի փոխվարչապետերի նախագահությամբ»:

«Ապաշրջափակումը նպաստելու է ոչ միայն տնտեսական աճին Անդրկովկասում, այլև ապահովելու է առավել հուսալի հիմքեր ողջ տարածաշրջանի ծաղկման և քաղաքական կարգավորման համար: Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից»,- հավելել է Լավրովը: