Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը. Զախարովա

ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը. Զախարովա
Միջազգային
18:49, 02 сентябрь 2021
Ռուսաստանը արձանագրել է և ի գիտություն է ընդունել Հայաստանի և Թուրքիայի միջև վերջերս արձանագրված դրական ազդակները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը, ինչպես գիտեք, միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ի դեպ, պետք է հիշեցնել, որ մենք նախկինում անմիջականորեն մասնակցել ենք համապատասխան միջնորդական ջանքերին։ Այսպես` մենք նպաստեցինք  2009 թվականին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը: Դրանք ենթադրում էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների փուլային բարելավում ՝ առանց նախապայմանների առաջադրման»,- նշել է Զախարովան:

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` Ռուսաստանը ոչ միայն միջնորդի դեր է խաղացել, այլ նաև գործուն, արդյունավետ քայլեր է ձեռնարկել, որոնք դրական արդյունքներ են տվել:

« Հետագայում արդեն կողմերը չեն իրականացրել դրանք, բայց դա արդեն յուրաքանչյուր պետության կամքն էր: Մենք այժմ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի հիման վրա և միմյանց շահերը հաշվի առնելով»,- եզրափակեց Զախարովան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը`Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։ Ի պատասխան այդ հայտարարությանը Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը Թուրքիայի կողմից դրական ազդակները կգնահատի, այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանի: