Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կայուն Հայաստան նշանակում է կայուն Հարավային Կովկաս». Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ ապրիլի 5-ին կայանալիք եռակողմ հանդիպման մասին

«Կայուն Հայաստան նշանակում է կայուն Հարավային Կովկաս». Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ ապրիլի 5-ին կայանալիք եռակողմ հանդիպման մասին
Միջազգային
13:54, 29 март 2024
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն հերքել է Բաքվի պնդումները ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ։ Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին՝ նա «ոչ ճշգրիտ» է անվանել ապրիլի 5-ին կայանալիք հանդիպման բնույթի մասին տեղեկատվությունը։

«Ճիշտ չէ, որ հանդիպումը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին»։ Այն չի շոշափելու այլ հարցեր՝ բացի ԵՄ/ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններից։ Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ բանակցությունների հարցեր չեն քննարկվելու։ Հիմնական շեշտը դրվելու է Հայաստանի տնտեսության կայունության և այս երկրի հետ երկկողմ համագործակցության վրա»,- ասել է նա։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կիսում են Հայաստանի և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ և բարգավաճ ապագային աջակցելու հանձնառությունը։

«Սա հնարավորություն կլինի քննարկելու Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ նրա տնտեսությունն ամրապնդելու նպատակով, հիմնված ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերության վրա։ Կայուն Հայաստան նշանակում է կայուն Հարավային Կովկաս: Մեր ջանքերն ուղղված են ոչ թե որևէ մեկի դեմ, այլ ողջ տարածաշրջանի և նրա կայունության շահերին»,- ասել է Ստանոն։ Նրանից առաջ Բաքվի բնութագրումները հերքել էր նաև պաշտոնական Վաշինգտոնը։