Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից

Հայաստանը, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Միջազգային
20:10, 17 апрель 2024
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։ «Ազատության» տրամադրության տակ են դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։

Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

«Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները, և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», - ասված է փաստաթղթում։

Հայաստանն այս հիմնադրամից օգտվելու հայտ էր ներկայացրել անցած տարվանից։ Ֆրանսիայի արտգործնախարարն իր հերթին, անցած հոկտեմբերին, ժամանելով Երևան, հայտարարել էր, թե անձամբ է այս հարցով դիմել Եվրամիության արտգործնախարարին:

«Ես պաշտոնապես գրավոր դիմել եմ Եվրամիության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ առաջարկելով ներառել Հայաստանը խաղաղության եվրոպական մեխանիզմի մեջ, ինչպես, օրինակ, իրագործվում է Մոլդովայի համար», - նշել է ֆրանսիացի պաշտոնյան: