Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը Կրեմլում ընդունել է Ասադին․ հանդիպումը նախապես հայտարարված չի եղել

Պուտինը Կրեմլում ընդունել է Ասադին․ հանդիպումը նախապես հայտարարված չի եղել
Միջազգային
12:14, 14 сентябрь 2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որը չհայտարարված այցով գտնվում էր Մոսկվայում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երեքշաբթի առավոտյան Կրեմլի պաշտոնական կայքում հաղորդագրություն է հայտնվել երկու նախագահների հանդիպման մասին, որը տեղի է ունեցել երկուշաբթի:

Պուտինը շնորհավորել է Ասադին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի և անցած տարեդարձի կապակցությամբ: Ի պատասխան Սիրիայի առաջնորդը ռուսերենով «շնորհակալություն» է ասել, ասված է Կրեմլի հրապարակած հաղորդագրությունում:

«Արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ վստահում են ձեզ և, չնայած նախորդ տարիների բոլոր դժվարություններին և ողբերգություններին, վերականգնման և բնականոն կյանքին վերադառնալու գործընթացը ձեզ հետ են կապում», – ասել է ռուս առաջնորդը:

Նա նաև ընդգծել է Սիրիայի կառավարության հակառակորդների հետ երկխոսության անհրաժեշտությունը:

Սիրիայի հիմնական խնդիրը Պուտինն անվանել է օտարերկրյա զինվորականների անօրինական ներկայությունը, սակայն չի մանրամասնել, թե որ երկրների:

2020 թվականի փետրվարին Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիահարվածների հետևանքով 33 թուրք զինվոր է զոհվել:

Ասադն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին օգնության և աջակցության համար, սակայն նշել է, որ ընդդիմության հետ քաղաքական գործընթացները դադարել են երեք տարի առաջ:

«Միակ բանը, որ ես կցանկանայի նշել, այն է, որ այն քաղաքական գործընթացները, որոնք մենք իրականացնում էինք, դադարել են մոտ երեք տարի»,- ասել է Ասադը: