Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տաջիկա-աֆղանական սահմանի մոտակայքում կանցկացվեն ՀԱՊԿ Հավաքական ուժերի մի շարք լայնածավալ վարժանքներ». Զաս

«Տաջիկա-աֆղանական սահմանի մոտակայքում կանցկացվեն ՀԱՊԿ Հավաքական ուժերի մի շարք լայնածավալ վարժանքներ».  Զաս
Միջազգային
15:24, 16 сентябрь 2021
Այս տարվա սեպտեմբերի 16-ին Դուշանբե քաղաքում, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԽ) նիստը:

Միջոցառմանը ներկա էին անդամ երկրների առաջնորդները, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: 

ՀԽ անդամները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հիմնախնդիրները և ՀԱՊԿ գործունեության արդյունքները: Քննարկման ամենակարևոր հարցերից էր Աֆղանստանում իրավիճակը և դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա:

Հաշվի առնելով 2021-2022թթ. ՀԱՊԿ նախագահության փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք երկրում պետք է իրականացվեն։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրագրողներին  ներկայացրել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքները։

 «Ցավոք, գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ոլորտում մենք ոչ մի դրական տեղաշարժ չենք տեսնում: Իրավիճակը ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների ողջ պարագծով   գործնականում  շարունակում է մնալ լարված»,- նշել է նա։ 

Անդրադառնալով Աֆղանստանում տիրող վիճակին՝ Զասը նշել է, որ այն էապես ազդում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի իրավիճակի վրա և խորը մտահոգությունների տեղիք տալիս. «ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է տաջիկա-աֆղանական սահմանին տիրող իրավիճակի զարգացումներին: Մեր կազմակերպության հիմնական նպատակը մնում է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովումը: Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք մեր գործունեության առաջնահերթությունը համարել քաղաքական և դիվանագիտական ճանապարհները»:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել  լրացուցիչ ջանքեր գործադրելու  Աֆղանստանի տարածքից բխող մարտահրավերներին և սպառնալիքներին դիմագրավելու գործում, զարգացնելու համագործակցությունը: Կազմակերպությունը մշակել է գործնական  միջոցառումներ, որոնք նախատեսված են  ապահովելու Տաջիկստանի անվտանգությունը՝ սահմանային իրավիճակի սրման դեպքում:  

Հենց այս նպատակով էլ մեկ ամսվա ընթացքում տաջիկա-աֆղանական սահմանի մոտակայքում կանցկացվեն ՀԱՊԿ Հավաքական ուժերի մի շարք լայնածավալ վարժանքներ։

Զասի փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել արագացնել Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի ամրապնդմանն ուղղված միջպետական ծրագրի ընդունման աշխատանքները, որն առաջարկվել է Տաջիկստանի կողմից՝ ՀԱՊԿ շրջանակներում: 

Տաջիկստանն Աֆղանստանի հետ  ունի  ամենաերկար սահմանը` 1344 կմ, որը շատ տարածքներում անցնում է անհասանելի բարձր լեռնային տեղանքով: