Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԵԱՀԿ գործող նախագահը նշեց, որ մենք դեռ հեռու ենք Ղարաբաղյան հարցի կարգավորման վերջնական լուծումից»․ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ասուլիսը

«ԵԱՀԿ գործող նախագահը նշեց, որ մենք դեռ հեռու ենք Ղարաբաղյան հարցի կարգավորման վերջնական լուծումից»․ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ասուլիսը
Միջազգային
12:35, 02 март 2021
ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ասուլիսը, որtեղ լրագրողների հարցերին պատասխանեցին պատվիրակության անդամները։ Հայկ Կոնջորյանը ասաց, որ, բնականաբար, մեր կողմի համար առաջնայինը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած հարցերն էին, մասնավորապես գերիների հարցը։ Անի Սամսոնյանը նշեց, որ եթե Ադրբեջանի օգտին ելույթներ էին ունենում նաև Թուրքիայի ներկայացուցիչները, ապա հայկական կողմի օգտին, գերիների հարցով ելույթ են ունեցել այլ երկրների պատվիրակներ, մասնավորապես Բելգիայի և Շվեդիայի ներկայացուցիչները, ովքեր խոսել են նաև Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների մասին։

ԵԱՀԿ ԽՎ-ում Արցախյան խնդրի մասին ելույթ է ունեցել նաև ԵԱՀԿ գործող համանախագահող երկրի՝ Շվեդիայի արտգործնախարարը, ով իր ելույթում ասել է, որ թեև հրադարարի հաստատմանը, նոյեմբերի 9-ի գիշերը եռակողմ հայտարարությամբ պատերազմական գործողությունները դադարեցվել են, սակայն սա դեռ չի կարելի համարել խնդրի երկարաժամկետ կարգավորում։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարելի է լուծված համարել այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով կքննարկվեն բոլոր հարցերը, և հենց ԵԱՀԿ Մինսկի խումբը կլինի այն ձևաչափը, որով կլուծվի Ղարաբաղյան հակամարտությունը։

Հայկ Կոնջորյանը շեշտեց, որ հայակական պատվիրակությունը այս վեհաժողովում եղել է ամենաակտիվ մասնակիցներից մեկը, և այն բոլոր հարցերը, որոնք հնարավոր են բարձրաձայնել գերիների հարցով, փախստականների հարցով, հումանիտար հարցերով, ահաբեկիչների հարցով, ԼՂ կարգավիճակի և ինքնորոշման հարցով, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական նորմերի ոտնահարման և այլ հարցերով, հայակական պատվիրակությունը  շատ ակտիվ ներկայություն է ունեցել: «Նաև դրա արտացոլումն էր, որ շվեդ և բելգիացի պատգամավորները մեզ աջակցող ելույթներ ունեցան, ԵԱՀԿ գործող նախագահը ևս շատ ֆունդամենտալ ելույթ ունեցավ, նշելով, որ մենք դեռ հեռու ենք Ղարաբաղյան հարցի կարգավորման վերջնական լուծումից, որը ըստ էության ապտակ էր ադրբեջանա-թուրքական նարատիվին, որ իբր թե հարցը լուծված է»,- նշեց վերջինս։