Քաղաքացիակենտրոն
լրատվություն

14 անգամ չեք մասնակցել ԵԱՀԿ ԽՎ կոնֆերանսներին, չեք բարձրացրել գերիների հարցը․ Հայկ Կոնջորյանը հակադարձեց Արման Աբովյանին

14 անգամ չեք մասնակցել ԵԱՀԿ ԽՎ կոնֆերանսներին, չեք բարձրացրել գերիների հարցը․ Հայկ Կոնջորյանը հակադարձեց Արման Աբովյանին
Միջազգային
12:42, 02 март 2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօրվա ԱԺ նիստում, հակադարձելով ԲՀԿ-ական Արման Աբովյանի մեղադրանքին, թե ԱԺ նիստի օրակարգում միայն մեկ հարց՝ գերիների հարցն է ակտուալ, մնացածը ներկա իրականության հետ կապ չունեցող հարցեր են, ասաց, թե գերիների հարցը պետության և բոլորի համար ամենակարևոր խնդիրն է, սակայն Արման Աբովյանը, լինելով, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության մշտական անդամ, մեկ տարվա մեջ չի մասնակցել ոչ մի կոնֆերանսի, որտեղ կարող էր բարձրացնել գերիների հարցը։

«Պարոն Աբովյան, մենք ունեցել ենք 14 օնլայն քննարկում կոնֆերանս՝ ամենատարբեր հարցերի շուրջ։ 14 անգամ Դուք հնարավորություն եք ունեցել ադրբեջանական պատվիրակներիր հետ բանավիճել, բարձրաձայնել Արցախյան հիմնախնդիրների հետ կապված խնդիրներ, նայելով իրենց աչքերին՝ օնլայն տարբերակով։ Ոչ մի անգամ չեք մասնակցել, պարոն Աբովյան, և ադրբեջանցիներին իրենց տեղը չեք դրել, ոնց հիմա մեզ եք փորձում մեր տեղը դնել», - նշեց Հայկ Կոնջորյանը։

Նա նշեց, որ փետրվարի 24-26-ը տեղի է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռաին նստաշրջանը, որը պատերազմից հետո առաջին ձմեռային նստաշրջանն էր և Արման Աբովյանը խոստացել էի, որ մասնակցելու է, սակայն չի մասնակցել։

«Հիմա այստեղից եկել, մեզ ասում եք՝ գերիների հարցի մասին չեք խոսում։ Դուք կարող էիք այդ գերիների հարցը, որը մեզ համար ամենակարևոր հարցն է, հենց ադրբեջանցիների ճակատին շպրտել, և նրանց պորտը տեղը դնել։ Այո, այստեղ մեզ էլ կարող եք քննադատել, բայց հանուն արդարության, խնդրում եմ հաջորդ անգամ նաև կատարել ձեր պարտականությունները», - հակադարձեց Հայկ Կոնջորյանը։

Արման Աբովյանը, ի պատասխան Հայկ Կոնջորյանի, հայտարարեց, թե մի՞թե տեղյակ չեն, որ երկրում ծանրագույն քաղաքական կրիզիս է տիրում։ Իսկ գերիների հարցերը միջազգային հարթակներում բարձրացնելու հետ կապված նշեց, որ մի շարք օրինակներ կարող է բերել, թե ինչպես են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները քրտնաջան աշխատանք տանում այդ ուղղությամբ՝ ռեալ գործողություններով։

Սյուզի Սիրականյան