Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը պատրաստվում է այցելել Սոչի․ Պուտինի հետ կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հետ առնչվող հարցեր

Էրդողանը պատրաստվում է այցելել Սոչի․ Պուտինի հետ կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հետ առնչվող հարցեր
Միջազգային
12:34, 20 сентябрь 2021
Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի վերջին պատրաստվում է այցելել Ռուսաստան։ Սոչիում սպասվում է Թուրքիայի նախագահի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը, ըստ Ահվալ գործակալության, կքննարկեն Սիրիայի հյուսիսարևմուտքում տիրող իրավիճակը։

«Օրակարգի գլխավոր կետը Սիրիան է, հատկապես Իդլիբը։ Իդլիբի համաձայնագրով նախատեսված պայմանները լրիվ չեն կատարվել»,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան անանունության պայմանով։

Հիշեցնենք՝ Իդլիբի համաձայնագիրը կնքվել էր 2020թ-ի մարտին Թուրքիայի ու Ռուսաստանի միջև շաբաթներ տևած բախումներից հետո։ Այսօր՝ 18 ամիս անց, Թուրքիան ու Ռուսաստանը պարբերաբար դժգոհում են հրադադարի խախտումներից։

Ըստ լրատվամիջոցի՝ Էրդողանը Պուտինին հանդիպելու է Սոչիում երկօրյա այցի շրջանակներում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելուց հետո։ Այցի ժամկետների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում։

Ի դեպ, թուրք պաշտոնյան հայտնել է, որ քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը և Ուկրաինային թուրքական անօդաչուների վաճառքի թեման, մեկ այլ պաշտոնյա էլ ասել է, որ կարող է քննարկվել նաև ռազմական ոլորտում հետագա համագործակցության հարցը։