Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը հայտարարել է, թե չի ցանկանում, որ Արցախյան պատերազմի հանցագործությունները քննի միջազգային ռազմական տրիբունալը

Ալիևը հայտարարել է, թե չի ցանկանում, որ Արցախյան պատերազմի հանցագործությունները քննի միջազգային ռազմական տրիբունալը
Միջազգային
14:30, 24 сентябрь 2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում խոսել է Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների քննության համար Բաքվի կողմից միջազգային ռազմական տրիբունալի ստեղծման հնարավորությունից։

«Ինչ վերաբերում է տրիբունալին, քաջ հայտնի է, որ ռազմական հանցագործությունների միջազգային տրիբունալը բավական քաղաքականացված ինստիտուտ է՝ հիմնված ընտրովի մոտեցումների վրա։ Վերջին տարիների իրադարձությունները դա ապացուցել են։ Հաշվի առնելով Հայաստանի լոբբիստական պոտենցիալը, Արևմուտքի մի շատ պետությունների հետ հատուկ հարաբերությունները՝ դժվար է ակնկալել, որ մեզ կհաջողվի դրան հասնել։ Իսկ եթե հաջողվի էլ, ապա երաշխիք չկա, որ կլինի արդար դատ և այն չի վերածվի Ադրբեջանին վարկաբեկող հերթական գործիքի»,- ասել է Ալիևը։

Նա, սակայն, չի նշել միջազգային տրիբունալից հրաժարվելու իրական պատճառը, քանի որ միջազգային ռազմական տիրբունալի ձևավորման ու դատավարության դեպքում կբացահայտվեն ու իրավական գնահատականներ կտրվեն Ադրբեջանի իրագործած բոլոր ռազմական հանցագործություններին։

Ադրբեջանի նախագահը, որը չի հավատում միջազգային դատական ատյանների վճիռների արդարությանը ու դրանք քաղաքականացված է համարում, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ, իբր, «փաստաթղթավորել են Հայաստանի ռազմական հանցագործությունները և միջազգային ատյաններում հայցեր են ներկայացնելու»։

«Արդեն նախապատրաստվել են իրավական ընթացակարգեր այն օտարերկրյա ընկերությունների դեմ, որոնք «օկուպացված տարածքներում» ապօրինի արդյունահանել են օգտակար հանածոներ: Այժմ այս գործընթացն իրագործման ընթացքի մեջ է: Այսպիսով, մենք կօգտագործենք բոլոր հնարավոր գործիքները՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ factor.am