Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին Եվրոպայի խորհրդի չափանիշներին. ԵԽԽՎ զեկուցող

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին Եվրոպայի խորհրդի չափանիշներին. ԵԽԽՎ զեկուցող
Միջազգային
16:50, 27 сентябрь 2021
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ իր ելույթում նշել է ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար Ջորջ Կատրուգալոսը։

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ զեկույցի հեղինակի խոսքով՝ Հայաստանի ընտրություններին քաղաքական մթնոլորտը պայմանավորված էր երկու գործոնով՝ 2018 թվականի  հանրային ընդվզման իներցիայով և  Արցախյան երկրորդ պատերազմով:

Անդրադառնալով նախընտրական շրջանին՝ Կատրուգալոսն առանձնացրել է այդ շրջանում ստեղծված քաղաքական մթնոլորտը, բևեռացվածությունը և գրգռիչ ելույթները:

«Ընտրությունների ինստիտուցիոնալ շրջանակն ընդհանուր առմամբ համակողմանի էր և համապատասխանում էր Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին»,- ընդգծել է ԵԽԽՎ զեկուցողը՝ ընտրական շեմը գնահատելով համեմատաբար բարձր:

Կատրուգալոսի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը բավական ակտիվ է, հիմնարար ազատությունները հարգվում են: Ընտրությունները լուսաբանել է 50 լրատվական, այդ թվում՝ հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաընկերությունները և ռադիոկայանները: Նրա խոսքով՝ ընտրություններն անցկացվել են պրոֆեսիոնալ և արդյունավետ ձևով:

«Կարող ենք ասել, որ 2018 թ. թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած էական փոփոխությունները վերահաստատվեցին 2021 թվականին: Հայաստանում անընդմեջ երկրորդ ժողովրդավարական ընտրություններն են անցկացվել, ինչը մեծ լավատեսություն է ստեղծում Հայաստանի Հանրապետության ապագայի հետ կապված»,- ամփոփել է ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար Ջորջ Կատրուգալոսը։