Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ձախողման մեկամյակը». Ամերիկյան The National Interest ամսագիրն անդրադարձել է Արցախի նկատմամբ ագրեսիային և միջազգային հանրության լռությանը

«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ձախողման մեկամյակը». Ամերիկյան The National Interest ամսագիրն  անդրադարձել է Արցախի նկատմամբ ագրեսիային և միջազգային հանրության լռությանը
Միջազգային
18:55, 28 сентябрь 2021
The National Interest ամերիկյան նշանավոր ամսագիրը հոդված է հրապարակել 44-օրյա պատերազմի, Արցախի  նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և միջազգային հանրության լռության մասին՝ համարելով այն ԱՄՆ-ի ձախողում:
 
Հոդվածի հեղինակը Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինն է, ով  հոդվածը սկսում է՝ հիշեցնելով մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական բանակի կողմից, թուրք հատուկջոկատայինների և սիրիացի ջիհադիստների աջակցությամբ, որոնք հանդես էին գալիս որպես թուրքական վարձկաններ, անակնկալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: 

 «Ադրբեջանը և Թուրքիան սկսեցին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա՝ ավելի քան մեկ դար առաջվա Օսմանյան կայսրության նախագիծը շարունակելու համար: Լռությունը խրախուսում է նրանց և մյուսներին»,- նշել է հոդվածագիրը:

 Հոդվածում առանձնակի շետվում է այն փաստը, որ Միացյալ Նահանգները շարունակում է ճանաչել Հայաստանի Հանրապետությունը որպես օկուպացված երկիր՝ այն բանից հետո, երբ Իոսիֆ Ստալինը, փոխելով դրա սահմանները, ներառեց այն Խորհրդային Միության կազմում: Իսկ արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991-ին, Ադրբեջանն իր անկախությունը հռչակել է՝ հիմնվելով Ադրբեջանի առաջին անկախ Հանրապետության սահմանների վրա, այլ ոչ թե Խորհրդային Միության ստեղծած Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի վրա: 

Հաջորդ կարևոր փաստն, ըստ հոդվածի, այն է, որ  ինքնավար մարզի՝ Արցախի բնակչությունը քվեարկել է հօգուտ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս գալու, ինչը նրանց սահմանադրական իրավունքն է:

«Ոչ մի ազնիվ վերլուծաբան չի կարող անտեսել այն փաստը, որ  Ադրբեջանի կողմից այս լայնածավալ հարձակումը համընկել է Օսմանյան կայսրության կողմից անկախ Հայաստան ներխուժման հարյուրամյակի հետ՝ Հայոց ցեղասպանության ֆոնին: Սա պատահականություն չէր, այլ միտումնավոր»,- նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ այս պատերազմը կազմակերպվել է Օսմանյան կայսրության 100-ամյա նախագիծը շարունակելու համար:  

Հոդվածում նշվում է, որ Բաքուն պարտավորվել էր տարածքային վեճը դիվանագիտական ճանապարհով լուծել՝ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող գործընթացների շրջանակներում, և չնայած ադրբեջանցի դիվանագետները պնդում են, որ առաջընթաց չկա այս քննարկումներում, սակայն դա  այդպես չէ: 

Անդրադառնալով այս կոնֆլիկտում ԱՄՆ-ի դերին՝ նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չնայած պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն հաջորդ օրը Բլինկենը կրկին լուռ հրաժարվեց 907-րդ հոդվածի կասեցումից (Ադրբեջանին ԱՄՆ օգնությունից-խմբ.)՝ փաստացի պարգևատրելով Ադրբեջանին իր ագրեսիայի համար  և այս քայլով էլ խախտելով ԱՄՆ օրենքը: 

Հոդվածագիրը հիշեցրել է Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի մասին հրադադարից հետո՝ հիշեցնելով  2021 թվականի մարտի 25-ին ադրբեջանցի զինվորների կողմից հայերի քաղաքացիական մեքենաների ուղղությամբ քարեր նետելը՝ Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհին:

«Երբ Բայդենի վարչակազմը լռեց, Ադրբեջանը մեծացրեց հարձակումների ուժգնությունը: Հունիսին Ադրբեջանի ագրեսիան կրկին ակտիվացավ. միգուցե ադրբեջանցի զինվորները սովա՞ծ են եղել, քանի որ ադրբեջանցի պաշտոնյաները յուրացրել են ռազմական պաշարները, և կրակել են Հայաստանում գտնվող հովիվների վրա, գողացել նրանց անասունները»,- ասված է հոդվածում:  

Շեշտվում է, որ, թերևս, ադրբեջանական ամենամեծ հանցանքը հայ ռազմագերիներին պահելն ու խոշտանգելն է, իսկ Պետդեպարտամենտի՝ ժամանակ առ ժամանակ վերադարձի կոչերն անտեսվում են: 

«Ի վերջո, երբ Բլինկենը հրաժարվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից, որպեսզի թույլ տա ամերիկյան ֆինանսների հոսքը Բաքու, ինչո՞ւ պետք է Ալիևը լրջորեն վերաբերվի ամերիկյան հայտարարություններին»,- ասում է հոդվածագիրը և հավելում, որ լռությունը խրախուսանք է, և այս ամենի լուրջ արձագանքի բացակայությունը կարող է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում:

Հոդվածագիրը նշում է, որ ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևը չի վերադարձրել վերջին հայ ռազմագերուն, չի հատուցել իր ագրեսիվ գործողությունների համար և պատասխանատվության չի ենթարկել յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի՝ հայերին խոշտանգելու կամ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար:

Սյուզի Սիրականյան