Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի քվեարկությանը

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի քվեարկությանը
Միջազգային
18:12, 01 октябрь 2021
ԵԽԽՎ Ռուսաստանի պատվիրակության որևէ անդամ չի մասնակցել սեպտեմբերի 27-ին  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի քվեարկությանը։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքում տեղադրված քվեարկության պատկերից։ 

Նշենք, որ բանաձևի ընդունմանը դեմ են քվեարկել Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները։ 

Նշենք, որ ըստ այդ բանաձևի՝ «Վեհաժողովը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին անդամակցելով պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը հանդիսանում է այդ պարտավորությունների խախտում և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:

- Վեհաժողովն, այնուամենայնիվ, նշում է Նախարարների կոմիտեին 2021 թվականի մարտի 16 -ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխանցած մտահոգությունները` կապված Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերի հետ (որոնցից մի քանիսը հետ են վերադարձվել Հայաստան):

Այս կապակցությամբ Վեհաժողովը.

- գտնում է, որ Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության;

- խորապես մտահոգված է շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և նրանց ներկայիս գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվության բացակայությամբ: Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այս անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել;

- կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին արագացնել հետաքննությունն այս հարցի շուրջ և համապատասխան տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին;

- շարունակում է մտահոգվել Եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շուրջ 45 հայերի կալանավորման պայմանների կապակցությամբ, ովքեր դեռ գերության մեջ են, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագացված քրեական դատավարությունների, ինչը վեր է հանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդար դատավարության անհրաժեշտության խնդիրները;

- կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման վերադարձնել նրանց Հայաստան»։