Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանը ականապատման բոլոր քարտեզները պետք է հնարավորինս արագ հանձնի Ադրբեջանին». Չավուշօղլու

«Հայաստանը ականապատման բոլոր քարտեզները պետք է հնարավորինս արագ հանձնի Ադրբեջանին». Չավուշօղլու
Միջազգային
14:42, 13 октябрь 2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  հայտարարել է, որ Թուրքիան ամենայն աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին և կշարունակի դա ապագայում, գրում է Report.az-ը։

«Հայաստանն ավերել, այրել և ոչնչացրել է Ադրբեջանի տարածքներում այն ամենը, ինչ ժամանակին օկուպացվել էին, բայց ազատագրվեցին երկրորդ Ղարաբաղյան պատերազմի արդյունքում: Այսօր, նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, Ադրբեջանի կառավարությունը շատ բան է արել Ղարաբաղում: Վստահ եմ, որ Ադրբեջանը կվերականգնի այդ տարածքները, և կյանքը  կվերադառնա այնտեղ»,- ասել է  Չավուշօղլուն Report-ի ամերիկյան բյուրոյին:

Նա շեշտել է, որ  անհրաժեշտ է մաքրել տարածքներում հայերի կողմից տեղադրված  ականները՝ Ղարաբաղում վերականգնողական աշխատանքներն արագացնելու համար. «Դրա համար բավականաչափ տեխնոլոգիաներ կան, սակայն հայտնի չէ, թե որտեղ են թաղված այդ տարածքներում գտնվող ականները: Հայերը ականապատված տարածքների որոշ քարտեզներ փոխանցել են Ադրբեջանին, սակայն ոչ ամբողջը»։

Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի՝ այս հարցերը լուծելու և հնարավորինս շուտ կարգավորելու խաղաղության  ու համագործակցային հարաբերությունները։

«Հայաստանը պետք է հնարավորինս արագ Ադրբեջանին հանձնի ականների բոլոր քարտեզները: Տարածքները պետք է ականներից մաքրվեն, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տները: Հարգելի Ադրբեջանը երբեք միայնակ չի եղել, և մենք երբեք միայնակ չենք թողնի Ադրբեջանին: Թող բոլորը իմանան»,- ասել է Չավուշօղլուն։

Սյուզի Սիրականյան