Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական կայքն իր հոդվածում պնդում է, որ «ադրբեջանի պատմական տարածքի մի մասն Իրանում է գտնվում»

Ադրբեջանական կայքն իր հոդվածում պնդում է, որ «ադրբեջանի պատմական տարածքի մի մասն Իրանում է գտնվում»
Միջազգային
14:13, 16 октябрь 2021
Ադրբեջանական report.az կայքը հոդված է հրապարակել՝ «Իրանը թաքնվում է Հայաստանի հետևում» վերնագրով, որտեղ քննադատվում է Իրանի կողմից Հայաստանի հանդեպ դրական տրամադրվածությունն ու Ադրբեջանի հանդեպ ոչ համարժեք վերաբերմունքը, և նույնիսկ նշվում, որ Ադրբեջանի պատմական տարածքի մի մասն Իրանում է գտնվում, և այդ տարածքում ապրում է երեսուն միլիոն ադրբեջանցի:

Կայքը նշում է, որ բացի այդ, Իրանի բնակչությունը մահմեդական է և Ադրբեջանի մերձավոր ազգականը, ու սրանով նրանք կարևոր են միմյանց համար, սակայն, ի տարբերություն նրան, որ Ադրբեջանն անկախությունից ի վեր փորձել է սերտ հարաբերություններ պահպանել Իրանի հետ, Իրանը համարժեք պատասխան չի տվել:

«Ադրբեջանական հողերի օկուպացիայի ընթացքում և դրանից հետո Թեհրանը միշտ բարոյական, ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերել Երևանին: Այս հարցերը երբեք չեն վրիպել Ադրբեջանի ղեկավարության ուշադրությունից և մենք արտահայտել ենք մեր վերաբերմունքը», - նշվում է հոդվածում:

Հոդվածագիրն ընգծում է, որ Իրանը ընտրել է Ադրբեջանին մոլորեցնելու ճանապարհը. « Այն, ինչ տեղի ունեցավ Գորիս-Գաֆան ճանապարհին, բացահայտեց մեր հարավային հարևանի դեմքը: Իրանը փորձել է կոծկել իր անօրինական գործողությունները: Նրանք ասացին, որ Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումներ կան: Երբ ապացույցներ խնդրեցինք, նրանք ոչինչ չկարողացան ասել: Այս անգամ նրանք փորձեցին՝ որպես պատրվակ օգտագործել Իսրայելի հետ մեր հարաբերությունները»:

Նշվում է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը չի դատապարտում Իրանին՝ Իսրայելին և ԱՄՆ-ին թշնամի ընտրելու, և Հայաստանի հետ եղբայրական հարաբերություններ հաստատելու համար և չի միջամտում նրանց ներքին գործերին. «Ի վերջո, յուրաքանչյուր պետություն ընտրում է իր ընկերոջը: Մենք հարգում ենք Իրանի ինքնիշխան իրավունքները: Մեր քննադատությունը վերաբերվում է Իրանի կողմից «ագրեսորին» (Հայաստանին - խմբ.) աջակցության և նրա հակամահմեդական գործողություններին: Պարտադիր չէ, որ Իրանը բարեկամ լինի Ադրբեջանի ընկերների հետ և թշնամանա Ադրբեջանի թշնամիների հետ:

Հոդվածագիրը մեղադրանքներ է հնչեցնում Իրանի հասցեին, նշելով սակայն, որ մինչ այժմ ադրբեջանական հողում իրանցի պաշտոնյաների անօրինական գործողություններն ու հանցագործությունները կոծկվում էին: Թմրանյութերը մաքսանենգ ճանապարհով Իրանից տեղափոխվում են Ադրբեջան: 

«Մի քանի ամիս առաջ ադրբեջանցի սահմանապահները զոհ դարձան թմրանյութեր տեղափոխող մաքսանենգների: Ադրբեջանական հողերի օկուպացիայի ընթացքում Իրանի քաղաքացիները ոչ միայն գողացան ադրբեջանական տարածքների հարստությունը, ոչնչացրեցին մշակութային և պատմական հուշարձանները, այլև օգտագործեցին ադրբեջանական տարածքները՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Ադրբեջանական հողերի ազատագրումից հետո այդ հանցագործությունները բացահայտվեցին:», - նշվում է հոդվածում: