Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չավուշօղլու.«Ուկրաինան պիտի դադարի հոլովել Թուրքիայի անունը»․ ermenihaber.am

Չավուշօղլու.«Ուկրաինան պիտի դադարի հոլովել Թուրքիայի անունը»․ ermenihaber.am
Միջազգային
14:09, 01 ноябрь 2021
Հռոմում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրորվի հետ հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ Անկարան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Bayraktar TB2»  անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար։ 

Լրագրողները Չավուշօղլուից հարցրել են, թե ինչպես է Թուրքիան վերաբերվում այն փաստին, որ Ուկրաինան թուրքական անօդաչուներով հարվածում է Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերին։ Չավուշօղլուն պնդել է, թե դրանք պաշտպանական զենքեր են, որոնց կիրառման համար Թուրքիան պատասխանատվություն չի կրում։

Նրա խոսքով՝ տարբեր երկրներում մղվող ահաբեկչության դեմ պայքարում Անկարան բախվել է օրինակ Ռուսաստանի արտադրած զինատեսակների հետ, սակայն երբեք դրա համար Ռուսաստանին չի մեղադրել։ Չավուշօղլուն ընդգծել է, որ այդ հարցում Ուկրաինան պետք է դադարի Թուրքիայի անունը հոլովել։ 

«Երբ որևէ երկիր որևէ պաշտպանական զենք է գնում մեզնից կամ որևէ այլ երկրից, այդ զենքը դադարում է լինել թուրքական, ռուսական կամ ուկրաինական։ Թեև այդ զենքը գնված է Թուրքիայից, սակայն այն այժմ պատկանում է Ուկրաինային։ Չեն կարող Թուրքիային մեղադրել դրա համար», - ասել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, ուկրաինական բանակը հայտնել էր, թե առաջին անգամ թուրքական հարվածային «Bayraktar» ԱԹՍ-ներ է կիրառել Դոնբասի ռուսամետ ուժերի դեմ։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե ստուգում են այս մասին տեղեկատվությունը, Կրեմլի խոսնակը զգուշացրել էր, որ այդօրինակ զինատեսակների մատակարարումը Ուկրաինային է՛լ ավելի կսրի իրավիճակը։

Աղբյուր՝ ermenihaber.am