Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն այսօրվանից փակում է ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչությունը

Ռուսաստանն այսօրվանից փակում է ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչությունը
Միջազգային
17:53, 01 ноябрь 2021
Նոյեմբերի 1-ից Ռուսաստանը կփակի ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչությունը։ Բացի դրանից՝ Մոսկվայում կդադարեցվի Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական առաքելության և նրա տեղեկատվական բյուրոյի գործունեությունը՝ գրում է BBC-ն:

«Ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների՝ մենք դադարեցնում ենք ՆԱՏՕ-ում մեր մշտական առաքելության աշխատանքը, այդ թվում՝ գլխավոր ռազմական ներկայացուցչի աշխատանքը, երկրորդ՝ դադարեցնում ենք ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության գործունեությունը Մոսկվայում, չեղյալ է հայտարարվում դաշինքի աշխատակիցների հավատարմագրումը: Երրորդ՝ Մոսկվայում փակվում է ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոն, որն ստեղծվել էր Բելգիայի Թագավորության դեսպանատանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի իշխանություններն այս քայլին գնացին ի պատասխան հոկտեմբերին Բրյուսելից 10 ռուս դիվանագետի արտաքսմանը։

Հոկտեմբերի 6-ին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշել է կրկնակի կրճատել ռուսական առաքելությունը կազմակերպությունում՝ վտարել ութ դիվանագետի և վերացնել ևս երկու պաշտոն։ ՆԱՏՕ-ն հավատարմագրումից զրկված ռուսներին անվանել է «ռուսական հետախուզության չհայտարարված աշխատակիցներ»։