Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բայդենը Էրդողանի հետ հանդիպմանը հստակորեն արտահայտել է ԱՄՆ մտահոգությունը ռուսական S-400-ների վերաբերյալ». պետքարտուղարության խոսնակ

«Բայդենը Էրդողանի հետ հանդիպմանը հստակորեն արտահայտել է ԱՄՆ մտահոգությունը ռուսական S-400-ների վերաբերյալ». պետքարտուղարության խոսնակ
Միջազգային
16:07, 04 ноябрь 2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հստակորեն արտահայտել է Վաշինգտոնի մտահոգությունը Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։ 

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Թուրքիան S-400 համակարգերը տեղափոխել է Ինջիրլիքի ավիաբազա, որտեղ տեղակայած են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ուժերը, Փրայսը պատասխանել է, որ  ԱՄՆ-ն շատ հստակ արտահայտել է իր մտահոգությունն այդ համակարգերի հետ կապված։

«Մենք բավականին հստակ ուրվագծել ենք մեր դիրքորոշումը S-400-ների և Թուրքիայի հետ կապված։ Նախագահ Բայդենը Հռոմում վերահաստատել է մեր գործընկերությունը պաշտպանության ոլորտում և Թուրքիայի կարևորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր։ Սակայն հանդիպմանը նախագահը նաև նշել է Թուրքիայում ռուսական ЗРС S-400-ների առկայության շուրջ մտահոգության մասին։ Մենք շատ հստակ արտահայտել ենք մեր մտահոգությունն այդ համակարգերի հետ կապված, հստակ նշել ենք դրա հետևանքները, այդ թվում՝ F-35 կործանիչների համատեքստում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը՝ խուսափելով  հստակ պատասխանել հարցին՝ արդյոք Թուրքիան S-400 համակարգերը տեղափոխե՞լ է Ինջիրլիքի ավիաբազա, կամ ի՞նչ տեղեկությունների է տիրապետում ԱՄՆ-ն այդ հարցով։ 

ՏԱՍՍ-ը  հիշեցնում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան 2017թ.-ին են պայմանագիր ստորագրել Մոսկվայի կողմից Անկարային S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ։ 

Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն է, որը ձեռք է բերել այդ համակարգերը Ռուսաստանի Դաշնությունից։ Անկարայի որոշումը առաջացրել է Վաշինգտոնի և ամբողջ դաշինքի կտրուկ բացասական արձագանքը։

Սյուզի Սիրականյան