Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստալինը Լեռնային Ղարաբաղը՝ պատմականորեն հայկական տարածքը, փոխանցել է Ադրբեջանին. «National Interest»-ի անդրադարձը

Ստալինը Լեռնային Ղարաբաղը՝ պատմականորեն հայկական տարածքը, փոխանցել է Ադրբեջանին. «National Interest»-ի անդրադարձը
Միջազգային
18:04, 10 ноябрь 2021
Եթե թուրքերը հույս ունեն անխոչընդոտ առևտուր իրականացնել Կենտրոնական Ասիայի հետ՝ մինչև Չինաստանի սահման, ապա Արցախի հայերը նույնպես պետք է կարողանան անխոչընդոտ առևտուր իրականացնել՝ Թուրքիայի տարածքով մինչև Ֆրանսիա կամ Միացյալ Թագավորություն: Այս խնդրին անդրադարձել է ամերիկյան «National Interest» ամսագիրը, որտեղ հրապարակված հոդվածում վերլուծաբան Մայքլ Ռուբինը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման մասին դրույթը, ըստ որի՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերը պետք է ապաշրջափակվեն. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորելու է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը: 

Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիան և Ադրբեջանն այլ կերպ են փորձում ներկայացնել  այդ կետը:

«Նախ նրանք դա մեկնաբանում են որպես իրենց միջանցքի տրամադրում, որը կհատի Հայաստանի ինքնիշխան տարածքը: Երկրորդ՝ նրանք անտեսում են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու մասին կետը»,-  նշում է Ռուբինը՝ հավելելով, որ Բայդենի վարչակազմը պետք է հստակ հասկացնի, որ նման վերաիմաստավորումն անօրինական է:

Հոդվածագիրը անդրադառնում է Իլհամ Ալիևի կողմից պարբերաբար հնչեցվող ռազմատենչ հայտարարություններին և դրանց հանդեպ Միացյալ Նահանգների  մեղմ արձագանքին: Նա մեջբերում է Ալիևի՝ այս տարվա սկզբին Ադրբեջանի պետական հեռուստատեսության եթերում արված հայտարարությունը, որում ասվում է.  «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագա շահերին։ Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը՝ անկախ Հայաստանի ցանկությունից»: 

Հոդվածի հեղինակն այս իրավիճակում ԱՄՆ-ի ցուցաբերած վարքագիծն անկարողություն է որակում:

 «Այն, որ պետքարտուղար Անտոնի Բլինկենը Ալիևի սպառնալիքներից ընդամենը երկու օր անց հավաստիացրել է, որ Ադրբեջանը հավատարիմ է դիվանագիտությանն ու խուսափում է ռազմական ուժ կիրառելուց, ցույց է տալիս Պետդեպարտամենտի անկարողությունը կամ Բլինկենի կողմից միտումնավոր կերպով «Ազատության աջակցության ակտի» խախտումը»,- նշվում է հոդվածում:

Հոդվածագիրը գրում է, որ Զանգեզուրի հանդեպ հավակնություններ ունենալով՝ Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները վերացնում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ալիևի հավակնությունների օրինականությունը:

«Թուրքիայի պետական հեռուստաալիքը մեղադրել է Իոսիֆ Ստալինին՝ Զանգեզուրը Հայաստանին շնորհելու համար, որը, հեռուստաալիքի պնդմամբ, մինչ այդ ադրբեջանական տարածք է եղել։ Այստեղ զավեշտն այն է, որ Ստալինը Լեռնային Ղարաբաղը՝ պատմականորեն հայկական տարածքը,  նույն կերպ փոխանցել է Ադրբեջանին»,- նշվում է հոդվածում: 

Ընդգծելով Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին՝ հոդվածագիրը ներկայացրել է Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի ապաշրջափակման մասին հարցի քննարկումը Հայաստանի առաջնորդի հետ նախևառաջ պահանջում է կատարել Ադրբեջանի պահանջները: «Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը կհաղթահարվի միջանցքի բացմամբ»,- հոդվածում մեջբերվել է Էրդողանի հայտարարությունը:

«Ե՛վ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, և՛ պետքարտուղար  Բլինկենը բազմիցս հայտարարել են, որ «դիվանագիտությունը վերադարձել է», բայց երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, այն չկա»,- նշվում  է հոդվածում:

Հոդվածագրի խոսքով՝  եթե Վաշինգտոնի նպատակն էր թուլացնել ՀՀ-ի կապերը ՌԴ-ի և Իրանի հետ, ապա լավագույն միջոցը կլիներ Թուրքիայի և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը՝ Հայաստանի կրկնակի շրջափակումը վերացնելու և ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից ու Իրանից նվազեցնելու համար:

«Եթե Բլինկենն իսկապես ցանկանում է տարածաշրջանում խաղաղության հասնել, ապա պետք է հետ կանչի Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպանին և կարգադրի վերադառնալ Անկարա միայն այն ժամանակ, երբ կարողանա այնտեղ հասնել Հայաստանի մայրաքաղաքից»,- նշվում է հոդվածում:

Սյուզի Սիրականյան