Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն նախազգուշացրել է Եվրոպային Ռուսաստանի կողմից Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին

ԱՄՆ-ն նախազգուշացրել է Եվրոպային Ռուսաստանի կողմից Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին
Միջազգային
17:09, 12 ноябрь 2021
ԱՄՆ-ն  Եվրոպական միության դաշնակիցներին հայտնել է իր մտահոգությունները Ռուսաստանի կողմից Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին՝ միգրանտների հետ կապված ճգնաժամի և էներգակիրների մատակարարման շուրջ Մոսկվայի և ԵՄ-ի միջև աճող լարվածության ֆոնին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը:  

Ըստ կայքի աղբյուրների՝ այս մտավախությունները հիմնված են ինչ-որ տեղեկությունների վրա, որոնք ԱՄՆ-ը դեռևս չի կիսվել եվրոպական երկրների կառավարությունների հետ։  

Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը, իսկ Ռուսաստանը պնդում է, որ իր տարածքում զորքերի տեղակայումն իր ներքին գործն է, և հերքում է ագրեսիվ մտադրությունները՝ միաժամանակ մեղադրելով ԱՄՆ-ին Սև ծովում իր սահմանների մոտ սադրիչ գործողություններ իրականացնելու համար, ուր այս շաբաթ մուտք է գործել ամերիկյան ռազմանավերի խումբ։

Bloomberg-ը հիշեցնում է, որ նմանատիպ լարվածություն էր գրանցվել նաև այս տարի՝ գարնանը, երբ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն մեղադրեցին Ռուսաստանին Ուկրաինայի սահմանի մոտ  զգալի ռազմական ուժի, տանկերի և մարտական ինքնաթիռների կուտակման համար:  Այս լարվածությունը թուլացավ միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարեց Վլադիմիր Պուտինին և առաջարկեց համատեղ հանդիպում անցկացնել, որը տեղի  ունեցավ հունիսին։ 

Գործակալության փոխանցմամբ՝ նորությունների հիման վրա ռուբլու փոխարժեքը  դոլարի նկատմամբ թուլացել է 0,5%-ով։ Ռուբլու պարտատոմսերը երկրորդ օրն է՝ էժանանում են։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում բաժնետոմսերը հասել են իրենց ամենամեծ անկմանը: 

The Washington Post-ն առաջինն էր, որը հայտնել էր Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական ուժերի նոր կուտակման մասին: Ռազմական վերլուծաբանները, որոնց հետ նա հարցազրույց է արել, պնդում են, որ Ռուսաստանը սկսել է զորքեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանին սեպտեմբերի կեսերից: 

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Մոսկվայի մտադրությունները՝ ուկրաինական սահմանի մոտ զորքերի վերջին տեղաշարժի հետ կապված, մնում են անհասկանալի, սակայն Ուկրաինայի դեմ նոր ագրեսիա սանձազերծելը լուրջ սխալ կլինի Ռուսաստանի համար։

Bloomberg-ը հիշեցնում է, որ ռուս-բելառուսական «Զապադ-2021» համատեղ զորավարժությունների ավարտից հետո զինվորականները չեն վերադարձվել իրենց սովորական տեղակայման վայրեր, այլ սկսել են տեղափոխվել ռուս-ուկրաինական սահման։ Անցյալ շաբաթ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ այժմ սահմանի մոտ մոտավորապես 90 հազար ռուս զինվորական կա։