Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳ նախարարը խոստովանել է, որ «միջանցքների» բացմանն ուղղված քայլեր չկան

Ադրբեջանի ԱԳ նախարարը խոստովանել է, որ «միջանցքների» բացմանն ուղղված քայլեր չկան
Միջազգային
16:27, 17 ноябрь 2021
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում կրկին սպառնացել է Հայաստանին՝ նշելով, որ եթե «Երևանը չհետևի միջազգային իրավունքի նորմերին ու քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ազգային անվտանգության դեմ, ապա Բաքուն առանց մտածելու բոլոր անհրաժեշտ պատասխան գործողությունները կձեռնարկի»։

Նա, սակայն, ասել է նաև, որ կարելի է խոսել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

«Ադրբեջանը դրան պատրաստ է։ Չնայած հայտարարության բազմաթիվ կետերի կատարմանը՝ դեռևս մնում են չլուծված հարցեր։ Ադրբեջանը հարցին մոտենում է կառուցողական ու դրական»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև խոսել է չափանիշներից, որոնք, ըստ նրա, պետք են Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի համար։

«Այդ չափանիշներից գլխավորը Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստը հաշվի առնելն է՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Անհրաժեշտ է լուծել սահմանազատման խնդիրը, ձևավորել համատեղ հանձնաժողով ու սկսել դելիմիտացիայի գործընթացը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման սկզբունքի հիման վրա։ Այդ գործընթացի մեկնարկով սահմանին լարվածությունը կթուլանա»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացման շուրջ բանակցությունները շարունակվում են, թեև կոնկրետ քայլեր չեն իրականացվել։

«Այդ հարցում դեռևս կոնկրետ քայլեր չեն իրականացվել։ Հուսով ենք, որ հայկական կողմըն ապագայում կընկալի հարցի կարևորությունը»,- ասել է Բայրամովը՝ կրկին հիշատակելով եռակողմ հայտարարությունը։

Հավելենք, սակայն, որ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններով որևէ միջանցքի մասին խոսք չկա։

Ջեյհուն Բայրամովը նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին թուրք-ադրբեջանական հայտնի թեզին է անդրադարձել՝ նշելով, որ «Ադրբեջանին ու Նախիջևանին կապող այդ տրանսպորտային երթուղով կձևավորվի Թուրքիայից ճանապարհ դեպի եվրոպական շուկաներ, այն կդառնա նաև ճանապարհ Թուրքիայից դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ»։

Բայրամովը հավելել է, որ «միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ նշելը վաղաժամ է՝ միաժամանակ հակասելով իր իսկ հայտարարությանը՝ ասելով, թե «գործընթացը գնում է, սակայն դժվարություններով»։