Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ Ադրբեջանը չի հրավիրվել Ժողովրդավարության գագաթնաժողովին․ ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքը

Ինչո՞ւ Ադրբեջանը չի հրավիրվել Ժողովրդավարության գագաթնաժողովին․ ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքը
Միջազգային
18:04, 18 ноябрь 2021
Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ժողովրդավարության գագաթնաժողովին, որն իր տեսակի մեջ առաջինն է․ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի հավաք, որը միտված է «ամբողջ աշխարհում ժողովրդավարական նորացման համատեղ աշխատանքի աջակցմանը»։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան։

«Այդ գործընթացի միջոցով մենք ձգտում ենք ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, դիմակայել մեր ընդհանուր արժեքներին ուղղված մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ երկրի ներսում և դրսում»,- ասել է Զեյան։

Վաշինգտոնը գագաթնաժողովի մասնակիցներին առաջարկում է ստանձնել ու իրականացնել կոնկրետ պարտավորություններ երեք ուղղություններով՝ պաշտպանություն ավտորիտարիզմ, պայքար կոռուպցիայի դեմ և մարդու իրավունքների պաշտպանության խթանում երկրի ներսում ու արտերկրում։

«Որևէ ժողովրդավարություն իդեալական չէ, այդ թվում՝ԱՄՆ-ն, և Վաշինգտոնը գագաթնաժողովը դիտարկում է որպես հնարավորություն՝ լսելու, իմանալու ու միասին գործելու այն խնդիրների շուրջ, որոնք կանգնած են ժողովրդավարության առաջ երկրի ներսում ու դրսում»,- ասել Զեյան։

Ադրբեջանական «Թուրան»-ի թղթակիցը հարց է ուղղել Պետքարտուղարության ներկայացուցչին՝ արդյո՞ք նախապես հրավիրված երկրների ցուցակում, որն ավելի վաղ հրապարակվել էր լրատվամիջոցներում, վերջնական է և այնպիսի երկրների համար, ինչպիսին Ադրբեջանն է, դեռ կա ժամանակ, Զեյան ասել է, որ ԱՄՆ-ն հրավիրում է «կայացած ու զարգացող ժողովրդավարություններին»։

«Կառավարությունների հետ համագործակցելիս ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում օրակարգը չի սահմանափակվում միայն այդ գագաթնաժողովով։ Բազմակողմ հարաբերություններում մենք շատ հնարավորություններ ունենք աշխարհի տարբեր տարածաշրջանների կառավարությունների հետ համագործակցության՝ այս օրակարգն առաջ տանելու համար»,- ասել է պետքարտուղարի տեղակալը։ 

Թարգմանությունը՝ factor.am