Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տարածաշրջանում միջազգային սահմաններն անփոփոխելի են». Իրանի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին

«Տարածաշրջանում միջազգային սահմաններն անփոփոխելի են». Իրանի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
Միջազգային
14:47, 22 ноябрь 2021
 
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Կովկասյան տարածաշրջանը։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ 
 
Աբդոլլահիանը «ադրբեջանական հողերի ազատագրումը» բնութագրել է որպես «երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների նոր սկիզբ»։ Նա գոհունակություն է հայտնել երկու երկրների առևտրային հարաբերությունների աճի ու երկկողմ հարաբերությունների խորացման առթիվ։ Անդրադառնալով ինժեներական ու տեխնոլոգիական ոլորտներում Իրանի հնարավորություններին՝ նա ասել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել «ազատագրված տարածքների» վերականգնմանը։
 
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է երկու երկրների տնտեսական ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը առևտրի, տրանսպորտի ու տուրիզմի ոլորտում։ Նա նաև ընդգծել է երկու երկրների քաղաքացիների համար ճանապարհորդությունների սահմանափակումների մեղմացման և թռիչքների վերականգնման անհրաժեշտությունը։
 
Իրանցի պաշտոնյան հիշեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական դիրքորոշումը՝ երկրների տարածքային ամբողջականության սատարման վերաբերյալ, և շեշտել տարածաշրջանում միջազգային սահմանների անփոփոխելիությունը։ 
 
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևն իր հերթին գոհունակություն է հայտնել Իրանում կայացած հանդիպումների վերաբերյալ ու նշել, որ երկու երկրները մոտ են գազի, նավթի ու տրանսպորտի բնագավառներում պատմական համաձայնագրերի կնքմանը։ Նա նաև ընդգծել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների կառուցողական դերը վերջին լարվածության թոթափման հարցում ու հայտարարել, որ տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստը տեղի է ունենալու 2022 թվականի սկզբին։
 
Սյուզի Սիրականյան