Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը հաղորդում է նոյեմբերի 26-ին ՌԴ նախաձեռնությամբ Պուտին, Փաշինյան, Ալիև հանդիպման մասին

Կրեմլը հաղորդում է նոյեմբերի 26-ին ՌԴ նախաձեռնությամբ Պուտին, Փաշինյան, Ալիև հանդիպման մասին
Միջազգային
16:53, 23 ноябрь 2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եռակողմ հանդիպում կկայանա՝ նոյեմբերի 26-ին՝ Սոչիում։ Այս մասին հաղորդում է Կրեմլը՝ հավելելով, որ բանակցությունները կանցնեն Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ։ 

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։

«Նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման համար», - ասված է հաղորդագրությունում։
 
Նշենք, որ երեկ ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճի՞շտ են ՌԴ նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին շրջանառվող լուրերը, ասել էր․ «Տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են, և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի և ֆորմատների մասով, մենք նախօրոք խելամիտ ժամկետներում կտեղեկացնենք»:

Հայտնի է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: