Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային Ղարաբաղում մինչ օրս երբեմն խնդիրներ են առաջանում, պարբերաբար զոհեր են լինում․ Մենք հավաքվել ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ է արվել, և ինչ պետք է անել, որ նման խնդիրներ չլինեն. Պուտինը՝ Ալիևին

Լեռնային Ղարաբաղում մինչ օրս երբեմն խնդիրներ են առաջանում, պարբերաբար զոհեր են լինում․ Մենք հավաքվել ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ է արվել, և ինչ պետք է անել, որ նման խնդիրներ չլինեն. Պուտինը՝ Ալիևին
Միջազգային
16:39, 26 ноябрь 2021
«Մենք 30 տարի ունենք դիվանագիտական հարաբերություններ, և մեր ռազմավարական համագործակցությունն ընթանում է բավականին հաջող։ Բավական է  ասել, որ չնայած բոլոր համաճարակային հարցերին և դրանով պայմանավորված տնտեսական սահմանափակումներին՝ այդուամենայնիվ ընթացիկ տարվա 9 ամիսներին մեր առևտրաշրջանառությունն ավելացել է 11 տոկոսով, ինչը լավ ցուցիչ է»,-այս մասին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Վերջինս նշել է, որ Ադրբեջանում աշխատում է 900 ռուսական ընկերություն, և Ռուսաստանը Ադրբեջանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է։ 

Այնուհետև Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալևին այն ուշադրության համար, որ Ադրբեջանում ցուցաբերում են ռուսաց լեզվի նկատմամբ։

«Ձեր երկրում կան 300-ից ավելի դպրոցներ, որտեղ դասավանդում են ռուսերեն, Ադրբեջանի աշակերտների 34 տոկոսը սովորում է ռուսերեն, դա լավ ցուցիչ է, ինչը վկայում է Ադրբեջանի ղեկավարության ձգտման մասին՝ հաստատել մտերիմ և բազմակողմ կապեր,  և դրանք իսկապես ունեն բազմակողմանի բնույթ»,- ասել է Պուտինը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին՝ ՌԴ նախագահը հայտնել է, որ նրանց շուտով կմիանա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և այդ թեմայով կզրուցեն եռակողմ ֆորմատով, ու հավելել, որ ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցում, ինչպես նաև կարևորել է ռուս-թուրքական դիտարկման կենտրոնի դերը։ 

«Ցավոք, Լեռնային Ղարաբաղում մինչ օրս կան միջադեպեր, կան զոհեր։ Մենք դրա համար էլ հավաքվել ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ է արվել և ինչ պետք է անել, որպեսզի նման խնդիրներ ոչ միայն չլինեն, այլև իրավիճակը հանդարտեցվի, և ստեղծվեն պայմաններ տարածաշրջանում խաղաղության համար՝ բնակիչներին՝ խաղաղ ապրելու, իսկ տարածաշրջանի երկրներին՝ զարգանալու համար»,- ասել է Պուտինը։