Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևն ու Էրդողանը կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ալիևն ու Էրդողանը կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին
Միջազգային
15:29, 29 ноябрь 2021
Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները միջազգային հարթակում կրկին խոսել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, քննարկել դա կյանքի կոչելու հեռանկարը։ Այս մասին հայտնել է APA լրատվական գործակալությունը։

Իլհամ Ալիևը նախօրեին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում, հիշեցնելով, որ կազմակերպության նախորդ գագաթնաժողովի ժամանակ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, նշել է. «Այսօր կարող եմ ասել, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ կազմակերպության անդամ պետությունները կօգտվեն այդ միջանցքից»։

Ռեջեփ Էրդողանը, իր հերթին, հայտարարել է, թե հայտնի է «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը, և ընդգծել, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել տրանսպորտային միջանցքների զարգացմանը։

Ալիևը նաև գործընկերների հետ կիսվել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող ծրագրերով, պատմել վերակառուցման աշխատանքների մասին։