Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը և ՀԱՊԿ անդամ 3 երկրները շնորհավորել են Ադրբեջանին «օկուպացված տարածքների ազատագրման» կապակցությամբ՝ Աշխաբադյան հռչակագրով

Իրանը և ՀԱՊԿ անդամ 3 երկրները  շնորհավորել են Ադրբեջանին «օկուպացված տարածքների ազատագրման» կապակցությամբ՝ Աշխաբադյան հռչակագրով
Միջազգային
16:56, 29 ноябрь 2021
Հայաստանի հետ տնտեսական (ԵՏՄ) և անվտանգային (ՀԱՊԿ) դաշինքում գտնվող ու պայմանագրային դաշնակից համարվող երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը, ինչպես նաև մեր հարևան Իրանը, շնորհավորում են Ադրբեջանին «տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ»։ 

Նախօրեին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում  Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի արդյունքներով անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր՝ «Գործողությունների Աշխաբադյան կոնսենսուսը», որտեղ կան կետեր, որոնք առնչվում են Արցախյան 44-օրյա պատերազմին, իսկ կազմակերպության անդամ երկրները շնորհավորում են Ադրբեջանին պատերազմում հաղթանակի կապակցությամբ։

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին «օկուպացված տարածքների ազատագրման ու տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ» և հաստատապես հավատում, որ իրադարձությունների նման զարգացումը ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայուն խաղաղության ու տնտեսական բարգավաճման համար՝ բարիդրացիական հարաբերությունների հաստատման միջոցով»։

Նշենք, որ այս կազմակերպության անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Պակիստանը։ Նշենք նաև,  որ փաստաթղթում կոչ է արվում կազմակերպության անդամ երկրներին ուսումնասիրել «Ադրբեջանի ազատագրված տարածքներում» վերականգնման ու վերակառուցման ծրագրերում ներդրումներ կատարելու հնարավորությունները։