Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԵՄ-ն կարծես մի կողմ է քաշվել. ամեն ինչ միջնորդավորվել է Ռուսաստանի կողմից». Մարինա Կալյուրանդը՝ ԵԽ-ում Արցախյան հիմնախնդրի մասին

Այսօր Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից  44-օրյա պատերազմի արդյունքում  Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը նշեց, որ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի այս խնդրի և Արցախյան հարցի կարգավորման գործընթացներում։

«Նշում եք այցերի ու հեռախոսազրույցների մասին։ Ես չեմ կասկածում, որ Եվրամիության կողմից կա հանձնառություն՝ ուղղված կոնֆլիկտի լուծմանը։ Բայց ի՞նչ կարող ենք մենք անել՝ ավելին, ինչպե՞ս կարող ենք մենք անել՝ ավելի լավ։ Ես նաև համաձայն եմ պարոն Դևինի հետ, որ «ուժը նրանց ձեռքերում է, ում զորքն այդ տեղում է»։ Սակայն դա չպետք է մեզ համար արդարացում լինի։ Դա չպետք է  ԵՄ-ին խանգարի՝ լինելու ավելի ներգրավված այս խնդրի լուծման գործընթացում»,- ասաց տիկին Կալյուրանդը։

Նա նշեց, որ ԵՄ-ն պետք է շարունակի շատ հստակ հանդես գալ կոնֆլիկտի միջազգային լուծման վերաբերյալ իր դիրքորոշմամբ, քանի որ այն դեռ լուծված չէ, և դեռևս կա Արցախի հիմնախնդիրը։

«Համաձայնագրերը, ռազմագերիների փոխանակման հարցը, զինադադարը, ամեն ինչ միջնորդավորվել է Ռուսաստանի կողմից: ԵՄ-ն կարծես մի կողմ է քաշվել։ Որտե՞ղ, ինչպե՞ս և ի՞նչ կարող ենք և պե՛տք է մենք անենք՝ ավելի լավ»,- հարց ուղղեց նա՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դեռ լուծված չէ, այն պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, և այլ տարբերակ չկա։ 

Սյուզի Սիրականյան