Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը ՄԻԵԴ-ից մինչև դեկտեմբերի 8-ը լրացուցիչ ժամանակ է խնդրել՝ հայ գերիների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար. lragir.am

Ադրբեջանը ՄԻԵԴ-ից մինչև դեկտեմբերի 8-ը լրացուցիչ ժամանակ է խնդրել՝ հայ գերիների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար. lragir.am
Միջազգային
17:48, 01 декабрь 2021
Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից մինչև դեկտեմբերի 8-ը լրացուցիչ ժամանակ է խնդրել՝ հայ գերիների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար։ Այս մասին Lragir.am-ին տեղեկացրեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ից Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողների վերաբերյալ։ «ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ադրբեջանական իշխանությանը, և մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ էր տվել այդ հարցերին պատասխանելու համար։ Այսօր Եվրոպական դատարանից գրություն ստացանք, որ Ադրբեջանը խնդրել է լրացուցիչ ժամկետ տրամադրել մինչև դեկտեմբերի 8-ը։ ՄԻԵԴ-ը բավարարել է այդ դիմումը և ժամկետը տվել է»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԻԵԴ՝ 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։ Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ նոյեմբերի 16-ի գործողությունների հետևանքով գերեվարված հայ զինծառայողների հաստատված տվյալ այսօր չկա։ «Մենք 4 հոգու անունից ենք դիմել Եվրոպական դատարան, բայց անհետ կորածների թիվը 32-ն է»,- ասաց Զեյնալյանը։ Նշենք, որ 32 անհետ կորածներից մեկ անձ օրերս վերադարձվել է Ադրբեջանից։