Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԳՀՀԾ-ին վերադառնալու համար պետք է ԱՄՆ-ի կողմից լիովին չեղարկվեն բոլոր պատժամիջոցները». Իրանի ԱԳ նախարար

«ԳՀՀԾ-ին վերադառնալու համար պետք է ԱՄՆ-ի կողմից լիովին չեղարկվեն  բոլոր պատժամիջոցները». Իրանի ԱԳ նախարար
Միջազգային
15:55, 02 декабрь 2021
Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի կողմից ԶԼՄ-ներին ուղարկված հաղորդագրության մեջ նախարարը հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների վերջին վեց փուլերի ընթացքում Իրանի համար ակնհայտ  է դարձել  այն, որ Միացյալ Նահանգները դեռևս չի կարողանում պատշաճ կերպով ըմբռնել այն փաստը, որ առանց ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցների ստուգելի և արդյունավետ չեղարկման՝ ԳՀՀԾ-ին վերադառնալու որևէ տարբերակ չկա։  

Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջիկա բանակցություններում Իրանը չի ընդունի ԳՀՀԾ-ից դուրս առաջարկներ։ 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միջուկային գործարքից դուրս հարցերի շուրջ որևէ քննարկման մեջ չի մտնելու։ Առաջիկա բանակցությունների հիմնական նպատակը պետք է լինի ԳՀՀԾ-ի լիարժեք և արդյունավետ իրականացումը և Իրանի հետ առևտրային հարաբերությունների և տնտեսական համագործակցության կարգավորումը։ Հարկ է նշել, որ ԳՀՀԾ-ին վերադառնալու համար պետք է լիովին չեղարկվեն բոլոր պատժամիջոցները։ Իրանը պատրաստ է դադարեցնել իր բոլոր ուղղիչ միջոցների կիրառումը, եթե տրամադրվեն երաշխիքներ, գնահատվեն վնասները, և բոլոր պատժամիջոցներն արդյունավետ և ստուգելի կերպով չեղարկվեն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Թեհրանը նույնքան հավատարիմ է իր միջուկային գիտնականների և խաղաղ միջուկային արդյունաբերության նվաճումների պահպանմանը, որքան պարտավոր է չշեղվել իր խաղաղ միջուկային ծրագրից, և չի հրաժարվի արդյունաբերության, առևտրի, ծովային, տիեզերական, պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում իր համապարփակ զարգացումից, ինչպես նաև չի սահմանափակի աճող տնտեսական զարգացումը:

«Չնայած Արևմուտքի չկատարած խոստումներին և անվստահությանը Սպիտակ տան ապակառուցողական մոտեցման հանդեպ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը Վիեննայի բանակցություններում «ճշմարիտ վճռականությամբ» և «բարի կամքով» կձգտի հասնել «լավ արդյունքի», պատժամիջոցների վերացման համար կայուն և արդյունավետ համաձայնության»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Սյուզի Սիրականյան